Պետական աջակցությամբ նախատեսվում է վերականգնել մի շարք պատմամշակութային հուշարձաններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

․

Պետական աջակցությամբ 2021-ին գրեթե ավարտին է հասցվել Սյունիքի մարզի Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցու բարեկարգումը, իրականացվել են Լոռու մարզի Բարձրաքաշի Սբ. Գրիգոր վանական համալիրի պեղումների, չափագրման, ուսումնասիրության աշխատանքներ:

2022-ին նախատեսվում է շարունակել Քոբայրավանքի սեղանատան վերականգնումը, Սանահինի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու տանիքների նորոգման աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների  պահպանության  վարչության պետ Հարություն Վանյանն ասաց, որ մինչև տարվա վերջ սպասում են հինգ հուշարձանի վերաբերյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի ընդունմանը: «Կարևոր են Ագարակի վաղ բրոնզեդարյան կացարանների, միջնադարյան կառույցների և պարսպապատերի, ինչպես նաև Փարպիի Ծիրանավոր եկեղեցու ամրակայման վերականգնման նախագծերը»,-շեշտեց Վանյանը:

Նշանակալի է նաև Ջերմուկի Գնդեվազի որմնանկարների վերականգնումը: Նախարարությունը ձգտում է տարվա ընթացքում գոնե մեկ որմնանկար վերականգնել:

2022-ին հատուկ ուշադրություն են դարձնելու բերդերին ու ամրոցներին: Տավուշի բերդի պեղումների աշխատանքները երկու տարի է՝ իրականացվում են և նախատեսվում է դրանք ավարտել հաջորդ տարվա ընթացքում, որին զուգահեռ կիրականացվեն դրանց նախագծման, ամրակայման, բացված հատվածների պատշաճ պահպանության և ամբողջ տարածքի վերականգնման աշխատանքները, որի առաջին փուլի համար ՀՀ կառավարությունն արդեն  միջոցներ է հատկացրել:

Խոսելով Լոռու բերդի մասին՝ Վանյանը հիշեցրեց, որ տարբեր տարիների պետական աջակցությամբ հյուսիս-արևելյան պարիսպների որոշ հատվածներ արդեն վերականգնված են: «Այս նախագիծը կհասցվի ավարտին, իսկ մյուս տարի նախատեսվում է վերականգնել այլ ենթակառուցվածքներ պատմական ամրոցի ներսում, օրինակ՝ բաղնիքը, եկեղեցին և այլն:

Հարություն Վանյանը տեղեկացրեց, որ մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում Արագածոտնի մարզի Աստվածընկալ վանքի վերականգնման աշխատանքներն են իրականացվել, վերջերս ավարտին է մոտեցել Վարագավանքի գավիթներից մեկի վերականգնումը, պեղումների և նախագծման փուլում է Արթիկի եկեղեցիներից մեկը, Թալինի Կաթողիկե եկեղեցին, Երևանի ներսում Կարմիր կամուրջը:

«Այս տարի նախատեսում ենք ավարտին հասցնել Կոտայքի մարզի Չարենցավան և Բյուրեղավան համայնքների «Արձագանք» և «Ճանապարհաշինարարներ» մոնումենտալ քանդակների վերականգնման աշխատանքներն ու տարածքների բարեկարգումը»,-շեշտեց Վանյանն ու հավելեց, որ վերջերս քանդակներից մեկը վանդալիզմի է ենթարկվել. գողացել են պղնձե թիթեղի մասեր: Քանդակագործը և լիազոր մարմինն արդեն դիմումներ են ներկայացրել համապատասխան ընթացք  տալու և գողությունը բացահայտելու ուղղությամբ:

--00--ԱՀ