ԶՊՄԿ-ի գործարքը թափանցիկ չի իրականացվել. բաժնետոմսերը վարչապետի աշխատակազմին են տալիս

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

․

««Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» 60% բաժնետոմսերի փոխանցումը Ռոման Տրոցենկոյին թափանցիկ ձևով չի իրականացվել և հետագայում էլ պարզաբանումներ չտրվեցին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Ինչպես հայտնի է՝ նոր սեփականատերը կառավարությանն է նվիրել բաժնետոմսերի 15 տոկոսը։

«Անհասկանալի է, թե ինչու «Գեոպրոմայնինգն»  այդպես բարի գտնվեց և բաժնետոմսերի 15 տոկոսը պետությանը նվիրատվություն արեց։ Պետությունն էլ դա արդարացրեց նրանով, որ ավելի մեծ կլինի պետության դերակատարումը և՛ շահույթի բաշխման, օգտագործման, և՛ կոմբինատի հետագա զարգացման հարցերում։ Ֆորմալ տեսանկյունից նպատակը վատը չէ, բայց խնդիրն այն է, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը»,-ասել է Վարուժան Հոկտանյանը։

Նրա խոսքով՝ դեռ հարց է մնում, թե ինչու հանկարծ որոշում կայացվեց գնելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերի 60 տոկոսը, այնուհետև դրա մեկ քառորդը նվիրատվություն անել վարչապետի աշխատակազմին։ Ընդ որում` այստեղից էլ այլ հարց է առաջանում, թե ինչու է դա հանձնվում վարչապետի աշխատակազմին, այլ ոչ թե էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ այն ավելի համապատասխան պետական մարմին է։

«Սա իշխանության կենտրոնացման ևս մեկ փաստ է, որ, չգիտես ինչու, հենց վարչապետի աշխատակազմին են տալիս։ Ամեն ինչ կենտրոնանում է վարչապետի աշխատակազմի ձեռքում։ Եթե այսպես շարունակվի, նախարարությունների կարիք էլ չի զգացվի, կդառնան վարչապետի աշխատակազմի վարչություններ»,-նշել է Վարուժան Հոկտանյանը։

Նա ընդգծել է՝ այս գործարքի հետ կապված թափանցիկության խնդիր կա, և ամեն ինչ հիմնվում է ենթադրությունների վրա։ Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ սա նման է Ծաղկաձորի «Գոլդեն փելեսի»  պատմությանը։

«Այսինքն` ինչպես դրա դեպքում «փրկագին» վճարվեց, որ որոշ մարդկանց նկատմամբ հետագա հետապնդումները դադարեցվեն, գուցե, այս դեպքում էլ է նույնը։ Բայց սա զուտ ենթադրություն է։ Տեղի է ունենում մոտավորապես նույն բանը, ինչը եղավ «Գոլդեն փելեսի» հետ, մեկ տարբերությամբ, որ ենթադրում եմ՝ «Գեոպրոմայնինգն»  այնքան էլ թանկ գնով չի գնել 60 տոկոս բաժնետոմսերը»,-հավելել է Հոկտանյանը։

--00--ԱՀ