Էդուարդ Աղաջանյանը և ՌԴ դեսպանը քննարկել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

«Ընդունեցի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ողջունելով դեսպանին՝ բարձր գնահատեցի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և դրանց շարունակական զարգացումը, հատկապես` դրանց հիմքում մշտապես եղած փոխըմբռնումը և վստահությունը։

Դեսպանը շնորհավորեց ինձ հանձնաժողովի նախագահ ընտրվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։

Քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, միջպետական, միջկառավարական և տարածաշրջանային համագործակցության առնչվող հարցեր։

Գոհունակություն հայտնեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, հատկապես ռուսական կողմի ջանքերի վերաբերյալ՝ միտված 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը, ինչպես նաև տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Տվյալ համատեքստում անդրադարձա Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին և եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների խախտումներին։

Նշեցի, որ օրակարգային կարևորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք։

Դեսպանը իր հերթին նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին։ Ինչպես նաև, ընդգծեց կողմերի միջև գերիների փոխանակման օգտին `«բոլորը բոլորի դիմաց» ռուսաստանյան սկզբունքի կարևորությունը։

Նշեցի, որ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում զարգացող իրադարձությունները ընդգծելու են գալիս մեր պետությունների միջև բարեկամական փոխգործակցության կարևորությունը։

Քննարկեցինք համագործակցությունը և գալիք աշխատանքները ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ և մի շարք այլ կառույցների ու կազմակերպությունների շրջանակներում։

Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվեց երկու պետությունների՝ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության հետագա խորացումը ամենատարբեր ոլորտներում»։

--00—ԼՄ