Մարտակերտի բնակչին մահացու վիրավորում պատճառելու դեպքով քրգործը վարույթ է ընդունվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Արցախի ՔԿ

Արցախի քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի 1966թ. ծնված բնակիչ Արամ Ալեքսեյի Տեփնանցի կողմից վարվող տրակտորով աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ԱՀ Մարտակերտի շրջանի վարչական տարածքի ուղղությամբ ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով կրակոցներ արձակելու հետևանքով Ա. Տեփնանցին հրազենային գնդակային մահացու վիրավորում պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցված քրեական գործը:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության ավագ քննիչը: Քրեական գործի շրջանակներում իրականացվում են համապատասխան դատավարական և քննչական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

--00--ԱԹ