Հավանություն տալը չի նշանակում, որ Ռուսաստանը միանում է «3+3» նախաձեռնության առաջմղմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Քաղաքական

Միջազգայնագետ Նիկոլայ Սիլաևն անդրադարձել է Թուրքիայի նախագահի առաջարկած «3+3» ձևաչափով տարածաշրջանում «վեց երկրների հարթակ» ստեղծելու նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի արտգործնախարարի դրական արձագանքը այդ նախաձեռնությանը չի նշանակում, որ Ռուսաստանը միանում է այդ գաղափարի առաջմղմանը:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Սիլաևն այդ մասին ասել է «Կովկասը 21-րդ դարում» միջազգային գիտաժողովի ընթացքում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի դրական արձագանքը «3+3» նախաձեռնությանը միանշանակ չէ, քանի որ այն և՛ կարող է նշանակել, որ նրանք հավանություն են տալիս այդ նախաձեռնությանը, և՛ կարող է նշանակել, որ Ռուսաստանը պարզապես չի ուզում հայտնվել այն վիճակում, որ ստիպված լինի մերժել:

«Կարելի է անվերջ հավանություն տալ այդ նախաձեռնությանը՝ շատ լավ հասկանալով, որ քիչ հավանական է, թե Վրաստանը կաջակցի այդ նախաձեռնությանը և, ամենայն հավանականությամբ, չի աջակցի Հայաստանը: Հավանություն տալը չի նշանակում, որ Ռուսաստանը միանում է այդ նախաձեռնության առաջմղմանը: Ինձ թվում է, որ եթե Ռուսաստանի կողմից հավանություն լինի, ապա այդ հավանությունը բավական պասիվ կլինի», - ասել է Նիկոլայ Սիլաևը: