ՔԾ պետը տեղում ուսումնասիրել է հիմնարկների առանձնահատկություններն ու հիմնախնդիրներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

․

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց պահման պայմաններին, նրանց մատուցվող սննդի որակին, ինչպես նաև հիմնարկների առանձնահատկություններին ու այնտեղ առկա հիմնախնդիրներին ծանոթանալու նպատակով Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանն իր տեղակալների և կենտրոնական մարմնի ներկայացուցիչների հետ այցելել է «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Արմավիր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ:

Ինչպես տեղեկացնում են ՔԿԾ-ից, ծառայության պետը հիմնարկների վարչակազմի ուղեկցությամբ շրջել է ՔԿՀ-ների բնակելի գոտիներում, զբոսահրապարակներում, հանձնուքների ընդունման և տեսակցությունների սենյակներում, մարզադահլիճներում, իսկ ճաշարաններում հետևել է սննդի պատրաստման գործընթացին և ծանոթացել օրվա ճաշացանկին:

«Շրջայցի ընթացքում Ծառայության պետը զրուցել է կալանավորված և դատապարտված անձանց հետ, լսել նրանց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են քրեական գործերին:

Սերգեյ Ատոմյանը եղել է նաև վերոհիշյալ հիմնարկների վարչական շենքերում, ծանոթացել անձնակազմի հետ, նրանց աշխատանքային պայմաններին և դրանց հետ կապված խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քրեակատարողական ծառայության պետի այցերը հիմնարկներ կրելու են շարունակական բնույթ: 

--00--ԱՀ