Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավո»-ն ևս կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

․

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Գագիկ Պողոսյանը քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։

Զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, որը հայտնի է «Պատրոն Դավո» մականվամբ, երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։ Հիշեցնենք՝ երեկ լուրեր տարածվեցին, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարաններում, որտեղից ավելի ուշ՝ Տոնոյանը հրավիրվել էր ԱԱԾ։

Այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց` տեղեկացնելով, որ քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը:

Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ։

Առաջադրված մեղադրանքում Գալստյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Ավելին, նշում է, որ երբևէ Պաշտպանության նախարարությանն անորակ զենք չի մատակարարել։ Պաշտպանական կողմը մեղադրանքն անհիմն է որակում և հայտնում, որ կալանավորման որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ քրեական դատարանում։ 
 

--00--ԱՀ