Ո՛չ ապագա, ո՛չ բուժման հնարավորություն չունենք, քանի դեռ մեր հիվանդությունը չենք ախտորոշել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

«Մեքենայի ազդանշանի համար իրար փոր ենք թափում, իսկ հայրենիքի կորստի հետ լուռ համակերպվում ենք, ու սա ցավոք հայի գենետիկ ախտորոշումն է փաստորեն, և քանի դեռ ազգովի այդ ախտորոշումը չենք կատարել, մենք բուժման հնարավորություն չունենք, քանի դեռ շարունակելու ենք լոպազությամբ, մեծախոսությամբ, ինքնահմայվածությամբ, ինքներս մեզ գովել՝ գովելի ոչինչ չունենալով։ Մենք ապագա չունենք, և մեր հայրենիքը փոքրանալու է, այնքան է փոքրանալու, ինչքան թույլ կտան աշխարհի մեծերը կամ մեր հարևանները»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Նրա խոսքով, ՀՀ ոչ մի իշխանություն սեփական օրակարգ չունեցավ, եթե այդ օրակարգն ունենայինք, կգտնեինք դրան հասնելու ճանապարհները, ոչ թե կխոսեինք դրա անհնարինության մասին:

«Մենք ամբողջ 30 տարի խոսել ենք այս կամ այն հարցի անհնարինության մասին, այս հողերը կարելի է՞ պահել, չէ՛, չի կարելի պահել, աշխարհը թույլ չի տա, Մոսկվան թույլ չի տա, իսկ մենք ուզո՞ւմ ենք այդ հողերը պահել: Թուրքն այս տարածքում հայրենիք չունի, բայց ինքը ստեղծել է հայրենիք և արյուն է թափում այդ հայրենիքի համար, իսկ մենք մեր աստվածատուր հայրենիքի համար պատրաստ չենք արյուն թափելու»,- ասել է Շիրակի թեմի առաջնորդը:

Բանախոսն անդրադարձել է թեմային վերաբերող և այլ ուշագրավ հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում: