Ադրբեջանական իշխանությունները պատասխանատու են ՀՀ զինծառայողին վիրավորում հասցնելու համար.

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

հասարակական

Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտակայքում այսօր ՀՀ զինծառայողի հրազենային վիրավորում հասցնելու, կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու փորձի համար. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

«Այս հետևության հիմքում առնվազն այն փաստերն են, որ ադրբեջանական զինված ուժերը՝

1. ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում.

2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո նշված երկու մարզերում ֆիզիկապես ներկա են այն հողատարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են.

3. պարբերաբար կրակում են ՀՀ գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին.

4. զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ անօրինական արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն.

5. Գեղարքունիքի Կութ և մյուս գյուղերի հարևանությամն հրդեհում են արոտավայրեր ու խոտհարքեր, գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը, վտանգված է մարդկանց կյանքի իրավունքը։

Այս ամենին գումարվում է առավել ևս այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքները խաթարում են մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը»,- ասված է հաղորդագրությունում:

--0--ԿԿ