ԱՄՆ սենատոր.«S-400 համակարգերի խմբաքանակի գնումները կնշանակեն պատժամիջոցներ Թուրքիայի դեմ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ եթե Թուրքիան գնի հակաօդային պաշտպանության S-400 նոր համակարգեր, Կոնգրեսը միջոցներ կձեռնարկի Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս արած հայտարարությունը, որ Անկարան կարող է գնել S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հերթական խմբաքանակը:

«Մենք բավականին հստակ սահմանել ենք, երբ մշակեցինք CAATSA-ն (ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցներով հակազդելու մասին օրենք), որ ռուսական բանակի կամ հատուկ ծառայությունների հետ նշանակալի համագործակցության մեջ եղող ցանկացած կառույցի դեմ պատժամիջոցներ են իրականացվելու», - ասվում է Մենենդեսի հայտարարության մեջ:

Աղբյուրը նաև հայտնում է, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շեշտել է, որ Թուրքիայի կողմից S-400 համակարգերի նոր խմբաքանակի գնումները կնշանակեն Թուրքիայի դեմ  նոր պատժամիջոցներ:

CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում նախագահ Էրդողանը ասել էր, որ Անկարան, չնայած Վաշինգտոնի ճնշմանը, կարող է գնել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի նոր խմբաքանակ:

Էրդողանը սեպտեմբերի 29-ին Սոչիում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՝ երկկողմ հարաբերությունները քննարկելու համար: Հանդիպմանը կքննարկվեն տարածաշրջանային հարցեր, այդ թվում ՝ Սիրիան, Աֆղանստանը և Լիբիան:

--00—ԼՄ