Ալիևի հետ համաձայն ենք, այո, Ադրբեջանում չկա Ղարաբաղ միավորում և չի էլ լինելու. Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

քաղաքական

««Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչական տարածք», սա Իլհամ Ալիևի կողմից արված միակ հայտարարությունն է, որի հետ կարելի է միանգամայն համաձայնվել, այո, Ադրբեջանում չկա Ղարաբաղ միավորում և չի էլ լինելու, որովհետև մեզ համար ցանկացած կարգավիճակում Ադրբեջանի կազմում գոյություն ունենալը բացառված է»,-  այս մասին 24News-ին ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

«Այս հայտարարությունն ապացուցում է, որ Ադրբեջանի քաղաքականության մեջ և մոտեցումներում փոփոխություն չկա, բայց եթե ինքն էլ է ընդունում, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ուրեմն՝ այս ուղղությամբ պետք է սկսենք բանակցություններն՝ իրենք ճանաչեն, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և փորձենք համապարփակ լուծում գտնել այս հակամարտությունում: Մենք էլ ենք ասում՝ այո, չկա և չի կարող լինել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, եթե ինքն էլ է դա ընդունում, եկեք սկսենք բանակցել այս հարցի շուրջ»,- նշեց Բաբայանը:

Անդրադառնալով Ալիևի մյուս հայտարարությանը, որ «Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչական տարածք,  և եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերակենդանացնել «Լեռնային Ղարաբաղ» անունով հանգուցյալին, ապա թող դա անի իր տարածքում», Դավիթ Բաբայանն ասաց.

«Դա իր որոշելիքը չէ, Արցախը հանգուցյալ չէ, մենք 15 հազար տարվա պատմություն ունենք և բազմաթիվ կայսրությունների ենք թաղել, հուղարկավորությանն էլ մասնակցել, Ադրբեջանն առաջինն ու վերջինը չէ, հետևաբար նման եզրակացությունները չենք կարևորում»:

Նշենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը.

«Մենք հակամարտությունը կարգավորել ենք ռազմաքաղաքական ճանապարհով, պատերազմը մնացել է անցյալում, ղարաբաղյան հակամարտությունն անցել է պատմության գիրկը: Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչական տարածք,  և եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերակենդանացնել «Լեռնային Ղարաբաղ» անունով հանգուցյալին, ապա թող դա անի իր տարածքում, թող իր տարածքում ստեղծի «Լեռնային Ղարաբաղ» անունով հանրապետություն, կազմավորում, միավորում, և իրենք  կճանաչենք այն: Բայց ոչ Ադրբեջանում: Այդ հարցը լուծվել է»:

--0--ԿԿ