ԼՂ հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին.

«Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը: Այս առումով մենք առաջարկում ենք, օր առաջ ավարտին հասցնել ռազմագերիների պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի գործընթացը:

Անհրաժեշտ է նաեւ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

Աներկբա է, որ ուժի կիրառման միջոցով ստեղծված իրավիճակը միջազգային իրավունքի տեսանկյունից չի կարող լեգիտիմություն ստանալ։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով և հակամարտությունը չի կարող լուծված համարվել ուժի կիրառման արդյունքում։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը: Դա են փաստում նաև համանախագահող պետությունների հայտարարությունները, որոնք ընդգծում են հայտնի սկզբունքների հիման վրա բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը:

Գտնում ենք նաև, որ համանախագահների միջնորդությամբ իրականացվող շփումները կողմերին հնարավորություն կտան գտնել ընդհանուր եզրեր և ասպարեզ բացել բազմաթիվ կնճռոտ հարցերի պատասխանները գտնելու համար»։

--00--ԱՀ

Տեսանյութեր