Քննարկվել են ՀՀ սահմանակից երկրներով բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Հասարակական

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկիին, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին, ինչպես նաև «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ի և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավարության այլ անդամների։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կոնցեսիոն պայմանագրի փոփոխությունների և լրացումների մասին լրացուցիչ համաձայնագրի նախագծի տարբերակը։

Քննարկվել է նաև Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը, որը նախատեսում է ուղևորափոխադրումների մասով սուբսիդավորման չափի սահմանափակումների վերացում։

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են Կոնցեսիոն պայմանագրում փոփոխությունների և լրացումների կատարման մասին լրացուցիչ պայմանագրի նախագծի նախապատրաստման հարցերով կոնտակտային խմբի խորհրդակցության արձանագրություն։

Զրուցակիցները քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեությանը, զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությանը սահմանակից երկրներով, ցամաքային ուղիներով, բեռնափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր` Կովկաս-Փոթի երկաթգծի վերագործարկմանն ուղղված պետական աջակցության հնարավորությամբ:

Կողմերը մտքեր են փոխանակել տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների ավելացման, ծառայությունների մատչելիության և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև երկկողմ հետաքրրքություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

--00--ԿԿ