Պենտագոնն ու Պետդեպարտամենտը զեկույց կպատրաստեն ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

պետդեպ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի հաստատել է հաջորդ ֆինանսական տարվա (երկրում սկսվում է հոկտեմբերի 1-ին) պաշտպանական բյուջեի նախագիծը՝ 778 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Օրենսդրական այս նախաձեռնությունը ստացել է 316 օրենսդրի աջակցություն, 113-ը դեմ են արտահայտվել: 

Ընթացիկ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեն կազմել է շուրջ 740 մլրդ դոլար: Այս բյուջեի հաստատումը չի նշանակում, որ նրանում ներառված բոլոր նախաձեռնություններն ուժի մեջ կմտնեն: Պաշտպանության բյուջեի նախագծի իր տարբերակը, որը տարբերվում է ստորին պալատում ընդունվածից, դեռ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից: Դրանից հետո արդեն հանձնաժողով կհրավիրվի՝  երկու նախագծերի մանրամասները համաձայնեցնելու համար: Երկու պալատները կրկին պիտի քվեարկեն համաձայնեցված փաստաթղթի օգտին, ինչից հետո արդեն այն կուղարկվի պետության ղեկավարին՝ ստորագրության համար: Այս գործընթացը կարող է ամիսներ տևել:

Կոնգրեսի ստորին պալատի կայքում նաև նշվում է, որ օրինագծում փոփոխություն է արվել՝ համաձայն որի՝ Պենտագոնն ու Պետդեպարտամենտը պետք է զեկույց պատրաստեն 2020 թ. ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների մասին: Փաստաթուղթը պետք է ներկայացվի օրենսդիր մարմնի համապատասխան կոմիտեներին:

Բացի այդ, ենթադրվում է, որ օրենսդիրներն Ադրբեջանի իշխանություններին կոչ կանեն «ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց»: Նշված խմբագրումը ենթադրում է, որ Կոնգրեսն ԱՄՆ վարչակազմին կոչ կանի այս ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ:

--00--ԱԹ