Տղամարդը հարձակվել է 82-ամյա կնոջ վրա, դանակով հարվածներ հասցրել, հափշտակել 60 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 82-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 44-ամյա բնակիչը, տարեց կնոջն ավազակությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2021թ. փետրվարի 8-ին՝ ժամը 11:22-ին, գնացել է վերջինիս պատկանող՝ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող տուն և նրա թույլտվությամբ մտել ներս: Տանը գտնվելու ընթացքում, տարեց կնոջը պատկանող գույքը հափշտակելու նպատակով, 44-ամյա տղամարդը հարձակվել է վերջինիս վրա և նախապես իր հետ վերցրած դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա կզակին, պարանոցին ու մարմնի այլ հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Այնուհետև 44-ամյա տղամարդը հափշտակել է տարեց կնոջը պատկանող 60.000 ՀՀ դրամը և հեռացել:   
 

Բացի այդ, 44-ամյա տղամարդը  ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող՝ գործարանային արտադրության 2 հատ՝ 5,45մմ /5,45x39 և  9մմ /9x18 տրամաչափի փամփուշտ, դրանք ապօրինի պահել իր մոտ, որոնք հայտնաբերվել են  ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված՝ նրա անձնական խուզարկությամբ:
 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
 

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
 

 --00—ՄՀ

Տեսանյութեր