ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Բերիո Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զոպույանի գլխավորությամբ Ազգային վարչության հետևողական աշխատանքի արդյունքում և Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի նվիրատվիությամբ առաջիկա շաբաթներին սկսվելու է սիրիական պատերազմի տարիներին զինյալ ահաբեկիչների կողմից հրկիզված Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Այս մասին հաղորդում է «Գանձասարը»։
Սուրբ Գևորգ զորավարի և համանուն եկեղեցու անվանակոչության տոնի առիթով սեպտեմբերի 24-ին ժամը 17։00-ին Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի երեկոյան ժամերգություն։
«Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանի գլխաւորութեամբ, Ազգ. Վարչութեան հետապնդումով եւ Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Թեմի նուիրատուութեամբ յառաջիկայ շաբաթներուն ընթացք պիտի առնէ Սուրիոյ պատերազմի տարիներուն զինեալ ահաբեկիչներու կողմէ հրկիզուած Ս. Գէորգ եկեղեցւոյ վերանորոգութեան աշխատանքները:
Առաջնորդ Սրբազան Հայրը ընկերակցութեամբ Ազգ. Վարչութեան ատենապետ տիար Ճորճ Շահինեանի, Առաջնորդի Օգնական Հոգշ. Տ. Մանուկ Աբղ. Պարիխանեանի եւ Կալուածոց Հոգաբարձութեան ատենապետ տիար Կարպիս Մարաշլեանի այցելեց Ս. Գէորգ եկեղեցի, մօտէն հետաքրքրուեցաւ յառաջիկայ շրջանին կատարուելիք նորոգութեան հանգրուաններուն, գոհունակութեամբ արտայայտուեցաւ վերանորոգութեան ծրագիրին մասին եւ այս առիթով շնորհակալութիւն յայտնեց Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Թեմի Առաջնորդին եւ նուիրատուներուն, որոնք ստանձնեցին հրոյ ճարակ դարձած Ս. Գէորգ պատմական եկեղեցւոյ վերանորոգութիւնը։
Յիշենք, որ Ս. Գէորգ զօրավարի եւ համանուն եկեղեցւոյ անուանակոչութեան տօնին առիթով, Ուրբաթ 24 Սեպտեմբեր 2021-ին, յետմիջօրէին ժամը 5:00-ին, երեկոյեան ժամերգութիւն պիտի կատարուի Ս. Գէորգ եկեղեցւոյ մէջ»,-նշված է Գանձասարի ֆեյսբուքյան էջում։
--00—ԼՄ