Տարակուսելի է, որ Արմեն Մարտիրոսյանը հրաժարվել է պետական պարգևից

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

Մարտիրոսյան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հայտարարություն է տարածել «Անտարես» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի՝ պետական պարգևից հրաժարվելու վերաբերյալ։

«Անկախության տոնի առթիվ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ի թիվս իրենց գործունեությամբ աչքի ընկած այլ գործարարների՝ պետական պարգևի էր ներկայացրել նաև ՀԱԳՄ փոխնախագահ, «Անտարես» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի թեկնածությունը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով Հայաստանի վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, 2021թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով Արմեն Մարտրոսյանին պարգևատրեց Երախտագիտության մեդալով։

Մեզ համար առնվազն տարակուսելի է Արմեն Մարտիրոսյանի՝ հաջորդիվ արած այն հայտարարությունը, որ հրաժարվում է նշված մեդալից, մամուլում մեկնաբանելով, թե՝ «մտավորականը պետության համար պատասխանատու շրջանում իրավունք չունի որևէ ձևով իրեն կաշկանդել, որպեսզի քննադատի․․․»։

Տարակուսելի է, քանի որ նախապես Արմեն Մարտիրոսյանն ինքն է համաձայնություն տվել ընդգրկվելու պարգևատրվողների թեկնածուների ցանկում, անձամբ է ներկայացրել ինքնակենսագրականն ու անհրաժեշտ այլ փաստաթղթերը։ Հարցը քննարկվել և հավանության է արժանացել ՀԱԳՄ խորհրդի նիստում, որի ընթացքում Ա․ Մարտիրոսյանը երբևէ դեմ չի արտահայտվել իրեն պարգևատրելու գաղափարին», - նշված է հայտարարության մեջ։

 --00—ՄՀ