Անկախության տոնին նվիրված միջոցառումը զուսպ էր, ճաշակով և տեղին. Ռուբեն Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22,  24News

ռուբինյան

Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց՝ թեև տրամադրությունը տոնական անվանել չի կարելի, բայց որոշվել է Անկախության 30-րդ տարեդարձը պատշաճ ձևով նշել: Այս որոշումը քաղաքական և հանրային դաշտում շատերին վրդովեցրեց, պահանջում էին չեղարկել սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը, հատկապես, որ վարչապետն իր խոսքում միջոցառումն անվանել էր «գունագեղ»:

Այնուամենայնիվ, սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնը նշվեց Հայաստանի Հանրապետության հրապարակում: Վարչապետի խոսքով՝ այն առաջին հերթին նվիրված էր ՀՀ անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին:

«Արմենպրես»-ը թեմայի շուրջ զրուցել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ: Անդրադարձել ենք նաև խաղաղության դարաշրջան բացելու տեսլականին:

 – Պարոն Ռուբինյան, վերջին շրջանում շատ էր քննարկվում պատերազմից հետո անկախության տոնը նշելու-չնշելու հարցը: Ինչպե՞ս կգնահատեք երեկ տեղի ունեցած միջոցառումը։

 – Կարծում եմ, որ ճիշտ որոշում էր Անկախության երեսունամյակն այսպես նշելը, որովհետև, ի վերջո, ոչ միայն այս երեսուն տարիների, այլ նաև նախորդած մի քանի դարերի մեր բոլոր զրկանքները հենց անկախության համար են եղել: Կարծում եմ՝ նման քննարկումներ ընդհանրապես պիտի չլինեին: Մենք չպիտի թույլ տանք, որ որևէ զրկանք, որևէ կորուստ սասանի մեր հաստատակամությունը՝ կառուցելու ազատ և անկախ հայրենիք: Մեր նախնիները հարյուրամյակներով պայքարել են այն բանի համար, որ մենք այսօր կարողանանք ունենալ և նշել այս օրը, և կարծում եմ, որ երեկվա միջոցառումը զուսպ էր, ճաշակով և տեղին։

– Հիմա շատ է խոսվում խաղաղության դարաշրջան բացելու մասին, բայց մենք անընդհատ տեսնում ենք միջադեպեր, որոնք կասկածի տակ են դնում, թե որքանով է դա հնարավոր, հենց թեկուզ Քասախի երկու բնակիչների հետ վերջերս Որոտանի մոտ տեղի ունեցած միջադեպը:

- Այո, ցավոք, այս ընթացքում ականատես ենք եղել բազմաթիվ ապակառուցողական խոսքերի և քայլերի, որոնք ստիպում են մտածել, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը անիրատեսական է: Բայց կարծում եմ՝ պետք է ամուր նյարդեր ունենանք ու համբերատար առաջ տանենք մեր օրակարգը՝ հիմնված մեր պետական շահի վրա: Այս համատեքստում գուցե պետք է փորձենք նշանակություն տալ նաև փոքրիկ դրական քայլերին: Հենց թեկուզ ձեր նշած միջադեպը: Բացասական փաստ է, որ մեր մոլորված քաղաքացիներին Ադրբեջանի զինված ուժերի կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչները բերման ենթարկեցին: Բայց դրական էր, որ գործնականում մեկուկես օր անց Ադրբեջանը նրանց վերադարձրեց, ընդ որում՝ իրենց իսկ վկայությամբ, Ադրբեջանում գտնվելու ընթացքում իրենք որեւէ վատ վերաբերմունքի չեն արժանացել: Հույս ունենք, որ նմանատիպ շարունակական քայլերով հնարավորություն կստեղծվի առաջ շարժվել խաղաղության օրակարգով:

--00—ՄՀ