Հայաստան է հասցվել Լիտվայի կողմից նվիրաբերված «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 27.500 դեղաչափը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

կորոնավիրուս

Այսօր Հայաստան է հասցվել Լիտվայի նվիրատվությունը՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 27500 դեղաչափը։ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել պատվաստանյութ պարունակող բեռների ապահով տեղափոխումը Հայաստան։ ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում պաշտոնապես ընդունել են նվիրատվությունը։

«Լիտվայի նվիրաբերությունը և ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների գործարկումը «Եվրոպայի Թիմ» մոտեցմամբ ներշնչված՝ ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների, ԵՄ պատվիրակության և ՀՀ պետական մարմինների միջև համագործակցության մարմնավորման շատ վառ օրինակ է։ ԵՄ պատվիրակության անունից մեր գոհունակությունն ենք հայտնում Լիտվայի կառավարությանը՝ նվիրաբերության համար և հույս հայտնում, որ այն իր նպաստը կբերի, Հայաստանում նորից տարածվող, «Քովիդ-19» վարակի դեմ պայքարում։ Պատվաստումների իրականացումը շարունակում է մնալ այս պայքարի կարևորագույն գործիքը, և հույս ունենք, որ ի վերջո հայ հասարակության շրջանում կավելանա վստահությունը, որը կօգնի պատվաստումների միջոցով դանդաղեցնել համավարակի տարածումը», - նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը։

--00—ՄՀ