Վանաձոր ՔԿՀ-ում կնոջ սեռական օրգանում հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Հասարակական

Սեպտեմբերի 1-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» բանտի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների հետ, բանտի ներսում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Կնոջդ մարմինը մի օգտագործիր որպես թաքստոց» անունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 13։30-ի սահմաններում Վանաձորի բանտ է եկել դատապարտյալներից մեկի կինը, ում հատկացվել է օրինական կարճատև տեսակցություն։ Արդեն բանտում ստացված օպերատիվ տվյալներով կնոջը անձնական խուզարկության են ենթարկել, որի արդյունքում սպորտային կոշիկի մեջ հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված բջջային հեռախոս, իսկ արդեն կանանց սենյակում բանտի կին աշխատակցի կողմից անձնական խուզարկությունը շարունակվում է, որի արդյունքում նրա սեռական օրգանում հայտնաբերվում է պոլիէթիլենային փաթեթ։ 

Բացելով փաթեթը՝ այնտեղ հայտնաբերվում է, ժողովրդական լեզվով ասած, «պլանի» նմանվող կանաչ զանգված, ինչպես նաև բջջային հեռախոսի համար լիցքավորման լար։

Փաստի առթիվ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ կնոջ դատապարտյալ ամուսինը խոստովանել է, որ իր կնոջ մոտ հայտնաբերված արգելված իրերը կինը կարճատև տեսակցության ժամանակ պետք է հանձներ իրեն։