ՌԴ-ն Հայաստանի հետ ունի շատ հարուստ երկկողմ օրակարգ. Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

լավրով

Հայաստանը Ռուսաստանի դաշնակից պետությունն է. երկու երկրները ունեն շատ հարուստ երկկողմ օրակարգ՝ փոխայցելություններ, խոշոր նախագծերի իրականացում, տնտեսական համագործակցության զարգացում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում ուսանողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Այս ամենը զարգանում է շատ ու շատ ինտենսիվ և վստահ»,- հավելեց Լավրովը:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին:

«Կան պայմանավորվածություններ, որոնք ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը: Այս պայմանավորվածությունները հստակեցնում են բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ ղեկավարների առաջարկները: Այս աշխատանքը մեկ օրվա չէ, այն ընթանում է: Դրանով անձամբ զբաղվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները»,-եզրափակեց Լավրովը:

--00--ԱԹ