Բաքուն շարունակում է սադրանքները՝ ուղղված ՀՀ ինքնիշխանության դեմ․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

ՌԴ-ում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպում։ 

Հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովը նախ անդրադարձել է Արարատ Միրզոյանի՝ ԱԳ նախարար նշանակվելու որոշմանը։

«Մենք գիտենք Ձեզ որպես ՌԴ-ի հուսալի ընկեր, բարձր ենք գնահատում Ձեր աշխատանքն ԱԺ նախագահի պաշտոնում, Դուք լավ կապեր ունեք ՌԴ Դաշնային խորհրդի երկու պալատների հետ, և ես վստահ եմ, որ այդ փորձը Ձեզ թույլ կտա առանց երերալու յուրացնել նոր ուղղությունները՝ հանուն Հայաստանի, հանուն մեր ընկերության, հանուն մեր համագործակցության»,-ասել է Լավրովը։

Արարատ Միրզոյանը իր հերթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձել է տարածաշրջանում անկայունության պահպանմանն անգամ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

«Տարածաշրջանում շարունակվում է պահպանվել լարված իրավիճակ, և դա պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետ։ Ուզում եմ նկատել, որ Բաքուն չի կատարում իր կողմից տրված պարտավորությունները 2020-ի՝ Հայայստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության հետ կապված, որին հասել ենք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի անձնական ջանքի շնորհիվ»,-ասել է Միրզոյանը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանն այսօր արդեն սադրանքներ է գործում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, և որպես օրինակ ներկայացրել 2021-ի մայիսի 12-ի դեպքը։ 

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ Լավրովը նշել է, որ այդ մասով կա հարցերի մի ամբողջ շրջանակ․ հարցերը ուղիղ քննարկում են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներն ու Հայաստանի վարչապետը:

«Կան հարցեր, որոնք ամենօրյա ռեժիմով լուծում են մեր զինվորականները, սահմանապահները՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համագործակցությամբ»,- հավելել է Լավրովը:

--00--ԿԿ