27-ամյա տղամարդը գողացել է էլեկտրական կշեռք, պահածոյացված պղպեղ ու 1 շիշ գինի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News  

Օգոստոսի 26-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արենի բնակավայրի Նորավանքի խաչմերուկ կոչվող տարածքի գինու առեւտրի տաղավարներից մեկից գողություն է կատարվել: 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 03.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկվել 40 եւ 27-ամյա տղամարդիկ՝ վերջինիս վարած «Հունդաի» ավտոմեքենայով հանդերձ:

Բաժնում 27-ամյա տղամարդը հայտարարել է, որ օգոստոսի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, շուկայի տաղավարի դռան փականը կոտրել-բացել եւ գողացել է էլեկտրական կշեռք, պահածոյացված պղպեղ ու 1 շիշ գինի։ Ըստ տղամարդու` գողոնն իր ավտոմեքենայում է։

Պարզվել է տուժողի ինքնությունը, որը հրավիրվել է բաժին:

Ավտոմեքենայի զննության ընթացքում 40-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել կաթուցիչ՝ դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգվածով, եւ թղթի մեջ փաթեթավորված կանեփանման չորացված, մանրացված զանգված: Նա հայտնել է, որ ներկայացրածը քաղել է Այնթապ գյուղի դաշտերից, վայրի աճած կանեփի բույսից։

Նշանակվել են փորձաքննություններ: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն։

--00—ՄՀ