Ծեծկռտուք՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցները փորձում էին դուրս բերել Աննա Մկրտչյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

Խորհրդարանում քիչ առաջ քաշքշոց, հրմշտոց ու ծեծկռտուք է եղել խորհրդարանականների, ինչպես նաև ԱԺ-ի անվտանգության ծառայության աշխատակիցների միջև: Պատճառը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթից ծագած աժիոտաժն է նիստերի դահլիճում, երբ անվտանգության աշխատակիցները ուժով փորձել են դուրս բերել պատգամավորին դահլիճից:

Երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացնում էր կառավարության ծրագիրը, Աննա Մկրտչյանը, հարց տալու իր իրավունքից օգտվելով, հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները Հայաստանի տարածքները գրավելու մասին, որոնց հայկական կողմից պաշտոնական արձագանք այդպես էլ չեղավ, ապա հիշեցրեց, որ այսօր էլ Նիկոլ Փաշինյանը Աժ է եկել «ախրանիկներով»:

Ալեն Սիմոնյանը ընդմիջեց նրան՝ տեղեկացնելով, որ անջատում է Աննա Մկրտչյանի խոսափողը: Տեղից խոսելու համար նկատողություն ստացավ նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Հարցի իրավունք ստացավ նույն խմբակցության պատգամավոր նաև Տիգրան Աբրահամյանը, որի ելույթի ժամանակ Աննա Մկրտչյանը կրկին միջամտեց, Ալեն Սիմոնյանն ընդհատեց նիստը, նրան դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց, ապա ընդմուջում հայտարարեց 20 րոպե:

Ավելի ուշ 24News-ի լրագրողի տեսախցիկն արձանագրել էր անջատված ուղիղ եթերի ժամանակ նիստերի դահլիճում պատահածը, երբ Աննա Մկրտչյանին բռնի ուժով փորձում են դուրս բերել դահլիճից: