Լեհաստանը միգրանտների հոսքի պատճառով արգելապատ կկառուցի Բելառուսի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Լեհաստան

Լեհաստանը միգրանտների հոսքի պատճառով նոր 2,5-մետրանոց արգելապատ կկառուցի Բելառուսի հետ սահմանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:

Ներկայում գոյություն ունեցող արգելապատը հնացել Է եւ անցնում Է բելառուսա-լեհական սահմանի սահմանափակ տեղամասով:

«Բելառուսի հետ սահմանին կկառուցվի նոր ամուր արգելապատ՝ 2,5 մետր բարձրությամբ: Սահմանապահներին օգնելու գործում կներգրավվեն ավելի շատ զինվորներ»,-Բլաշչակը գրել Է Twitter-ում:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ սահմանապահներին օգնելու համար ուղարկվել Է հազար լեհ զինվոր:

Լեհ սահմանապահների տվյալներով՝ օգոստոսի սկզբից ի վեր Բելառուսից հանրապետության սահմանն անօրինականորեն փորձել Է հատել 2,1 հազար մարդ: Ամբողջ անցյալ տարվա ընթացքում նրանց թիվը հասել Է 120-ի:

Ներկայում մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ արգելափակված են մնացել Լեհաստանի եւ Բելառուսի միջեւ սահմանին, Պոդլյասկոյե վոյեվոդության Ուսնաժ-Գուռնայի բնակավայրի մերձակայքում: Միգրանտներն անօրինական կերպով փորձել են անցնել Լեհաստան: Լեհ եւ բելառուս սահմանապահները շրջապատել են անօրինական միգրանքների խմբին եւ նրանց թույլ չեն տալիս մուտք գործել երկրներից ոչ մեկը: Լեհական կողմը պնդում Է, որ միգրանտները գտնվում են Բելառուսի տարածքում, այլ ոչ թե չեզոք տարածքում:

Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարում են Բելառուսի հետ սահմանի վրա ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»:

Բելառուսի սահմանապահները քանիցս հայտարարել են, որ Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում են սահմանակից տարածք: Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Սիտենկովը ավելի վաղ նշել Է, որ ԵՄ-ի սահմանակից երկրները խախտում են միջազգային պայմանագրերի նորմերը անօրինական միգրանտների հետ կապված իրադրության պայմաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ԱԹ