Դատավորին խորհուրդ կտամ գնալ ներքին վախերը բուժելու․ Չարչյանի պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշումը նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանն անօրինական է համարում։

«Պարոն Չարչյանը մոտ մեկ ամիս արդեն գտնվում էր ազատության մեջ, ոչ մի ազդեցություն դատավարության մասնակցի նկատմամբ չի եղել, անգամ փորձ չի արել քննությանը խոչընդոտելու ուղղությամբ»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։ Մինչ այդ դատախազությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։

Պաշտպանը նաև ընդգծեց, որ Չարչյանն այլևս Իզմիրլյան ԲԿ-ի տնօրենը չէ և եթե միջադատական վարույթում դատարանները մտավախություն են ունեցել, որ նրա տնօրեն լինելն ազդեցություն կգործի, ապա հիմա նման ազդեցություն լինել չի կարող։

«Մենք ոչ իրավաչափ ենք համարում Վերքննիչ դատարանի որոշումը։ Միգուցե դատավորը ներքին վախեր ունի, իր շողքից է վախենում, դրա համար է նման որոշում կայացրել։ Եթե այդպես է, ուրեմն նա դատավոր աշխատելու բարոյական ոչ մի իրավունք չունի»,-ասաց Ալեքսանյանը։

Նա տեղեկացրեց, որ շարունակելու են պայքարն ու նոր միջորդություն են ներկայացնելու գրավ կիրառելու վերաբերյալ։

Հարցին, այսինքն մտահոգությո՞ւն ունեն, որ գուցե դատավորը հրահանգներ է ստանում, պաշտպանը պատասխանեց․ «Կարող եմ ենթադրություններ ունենալ։ Այն ինչ կատարվեց պարոն Չարչյանի գործի շուրջ, վկայում է այն մասին, որ գրավը կարող է ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը գործի քննության ընթացքում»։

Ալեքսանյանն ընդգծեց, որ եթե մեկ ամսվա ընթացքում Չարչյանը ոչ մի ոչ իրավաչափ գործողություն չի կատարել, նշանակում է, որ առաջին ատյանի դատարանի կանխատեսումը ճիշտ է եղել։

«Ես վստահ եմ, որ դատավորն էլ է դա շատ լավ հասկանում։ Բայց եթե այս ամենը հասկանալով այլ որոշում է կայացնում, ուրեմն ողջամտորեն կարող եմ ենթադրել, որ նա ինչ-որ ներքին վախեր ունի, ու խորհուրդ կտամ գնա այդ ներքին վախեը բուժելու։ Ասում են՝ դրա դեմ բուժում կա»,-ամփոփելով խոսքն ասաց Արմեն Չարչյանի պաշտպանը։

--00--ԿԿ