Էրեբունի հնավայրում իրականացվող պեղումներն ավարտվեցին

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 21,  24News

պեղումներ

Էրեբունի հնավայրում հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի կողմից 2021 թվականին իրականացվող պեղումներն ավարտվեցին: Այս մասին հայտնում են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից: Հիշեցնենք, որ ֆրանսիացի գործընկերները ամրոցում այս տարի պեղումներն ավարտվեցին հուլիսի 30-ին, իսկ հայկական կողմը հնագիտական աշխատանքները շարունակեց ամրոցից հարավ-արևելք տեղակայված բլրի հյուսիսային հարթեցված մասում:

Այս հատվածի պեղումների արդյունքներն առավել քան գոհացուցիչ են: Նախնականորեն ֆիքսվել է հնագիտական երկու փուլ, որոնք թվագրվում են Ք. ա. 7-րդ դարից մինչև 5-րդ դար ընկած ժամանակաշրջանում: Առաջի փուլը բաղկացած է առնվազն երկու ենթափուլերից, այնուհետև այս փուլին վերաբերող տնտեսական հորերը և տաշտը ծածկել են, դրել նոր կավածեփ հատակ և կառույցի պատեր:

Տնտեսական հորերից մեկում հայտնաբերվեցին ուրարտական կարմիր փայլեցված և տեղական խեցեղենի համակեցություն՝ ուղեկցվող կենդանական ոսկորներով և ածխով: Շուտով հնաբուսաբանական և հնակենդանաբանկան հետազոտությունները նոր կարևոր տեղեկություններ կհաղորդեն մեր նախնիների կենսագործունեության և ուտեստների մասին: Երկրորդ փուլի շինարարությունը, ըստ երևույթին կախված է բնակլիմայական գործընթացների հետ:

Առաջին անգամ արտաքին բնակավայրից հայտնաբերվեցին ամբողջական խեցեղեն գտածոներ՝ խեցեղեն թասեր և մեկ ոսկրե կախիկ հմայիլ: Նախնականորեն կարող ենք փաստել, որ առնվազն արտաքին բնակավայրի այս հատվածը սինխրոն չէ Էրեբունի ամրոցի մեզ հայտնի բնակեցման վաղ փուլերի հետ:

 

--00--ԱԹ