Կայացել է օրենսդրական բարեփոխումների նախագծերի փաթեթի վերաբերյալ հանրային քննարկում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News   

․

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՅՈՒՆԻՍԵՖ) համագործակցությամբ՝ oգոստոսի 19-ին և 20-ին տեղի է ունեցել հանրային քննարկում «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ, տեղեկացնում է նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Օրենսդրությամբ սահմանված կարգով նախագծային փաթեթը շրջանառելուց զատ՝ նախարարությունը կարևորել է նախատեսվող փոփոխությունների քննարկման իրականացումն առավել լայն շրջանակի հետ։

Քննարկմանը ելույթներով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Յուրի Օքսամիտնին և նախագծի հեղինակները։

Բացման խոսքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպություններին սերտ համագործակցության և քննարկումներում ակտիվ ներգրավման համար։ Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմքում նախարարի տեղակալը կարևորել և ընդգծել  է երեխայի լավագույն շահի ապահովումը․

«Նախարարության համար կարևոր է օրենսդրական դաշտը բարեփոխել այնպես, որ իրականացվող գործընթացները լինեն բոլորին տեսանելի և պարզ։ Մեր բոլորի խնդիրն է լուծել գործառնական մակարդակում առաջացող բացերը, որպեսզի կարողանանք յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել առավել ապահով ու բարեկեցիկ միջավայր»,- նշել է Տաթևիկ Ստեփանյանը։

Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի, ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, Միասնական սոցիալական ծառայության և ոլորտային շահեկից այլ կառույցների շուրջ 100 ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է երեխաների իրավունքների իրացման համար նպաստավոր պայմանների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր։

ԱՍՀՆ Երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Հովհաննիսյանը ներկայացրել է երեխաների հիմնահարցերի ոլորտում առկա հիմնախնդիրները՝ մասնավորապես անդրադառնալով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների այլընտրանքային խնամքի կազմակերպման գործընթացներին, ինչպես նաև ծնողական իրավունքներին, երեխաների՝ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման գործընթացներում առկա խնդիրներին, որոնք հիմք են հանդիսացել օրենսդրական փոփոխությունները նախաձեռնելու համար։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետ Դավիթ Թումասյանը քննարկման մասնակիցներին է ներկայացրել առաջարկվող փոփոխությունները՝ միաժամանակ անդրադառնալով առաջիկայում փոփոխության ենթակա ենթաօրենսդրական իրավական ակտերին։

ԱՄՆ ՄԶԳ «Տվյալներ՝ ազդեցության համար» ծրագրի խորհրդատու Հասմիկ Ղուկասյանը մանրամասնել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հիմնահարցերին առնչվող տեղեկատվական համակարգի նախագիծը, որն ապահովելու է օրենսդրական փոփոխությունների արդյունքում իրականացվող բարեփոխումների կիրարկումը։

Ամփոփելով հանդիպումը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների իրավունքների մշտադիտարկման և գնահատման մասնագետ Աստղիկ Մարտիրոսյանը ևս ընդգծել է երեխաների իրավունքներին վերաբերող հարցերում նման լայնածավալ քննարկումների իրականացումն ու կայուն երկխոսության ապահովումը։

--00--ԱՀ