Արցախում քննարկվել են սոցաշխատողի ինստիտուտի կայացմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News   

Արցախ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ միասին, օգոստոսի 20-ին հանդիպում է ունեցել նախարարության մի խումբ սոցիալական աշխատողների հետ:

Հանդիպմանը քննարկվել են նոր ձևավորված սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանն առնչվող մի շարք հարցեր: Պետական նախարարը բարձր է գնահատել սոցաշխատողների աշխատանքը այս ամիսներին:

«Մեզ համար շատ կարևոր են սոցիալական աշխատանքի ոլորտում մեկնարկած բարեփոխումները, և մինչև վերջ գնալու ենք, որպեսզի գործընթացն ամբողջական իրականացնենք: Համոզված ենք, որ դա նշանակալի դրական փոփոխություն է մտցնելու կառավարության սոցիալական քաղաքականության ոլորտում, ժամանակի ընթացքում խթան է դառնալու  հասարակության ու քաղաքացիների տարաբնույթ խնդիրների հաղթահարման համար: Դրանց մի մասը ուղղակի սոցիալական բնույթի է, բայց հաստատ շատ-շատ խնդիրներ դրսևորվում են նաև այլ ոլորտներում, որոնք կարելի է լուծել սոցիալական աշխատողների գործուն ջանքերի, պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Առանձին զեկույցներով և թեմային առնչվող մանրամասներով հանդես են եկել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարը, սոցիալական աշխատողները: Ծավալվել է շահագրգիռ քննարկում և՛ ինստիտուտի կայացման, և՛ հասարակությունում առայսօր վերհանված խնդիրների լուծման մոտեցումների շուրջ:

Արտակ Բեգլարյանը ևս մեկ անգամ շեշտել է ոլորտում բարեփոխումների անշրջելիությունն ու կառավարության հաստատակամությունը՝ ընդգծելով միջգերատեսչական արդյունավետ հաղորդակցության ու նման քննարկումներ պարբերաբար իրականացնելու անհրաժեշտությունը:

--00—ՄՀ