Շիրակի մարզպետը Օլիմպիական խաղերի մասնակիցների հետ քննարկել է սպորտդպրոցների խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

․

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը օգոստոսի 19-ին ընդունեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից շիրակցի մարզիկներ Արթուր Ալեքսանյանին, Կարապետ Չալյանին, Հովհաննես Բաչկովին և նրանց մարզիչներին: Հանդիպմանը քննարկվել են նաև մարզի սպորտդպրոցներում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների որոնմանն առնչվող հարցեր:

Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը՝ ողջունելով մարզիկներին,  Հովհաննես Հարությունյանը, շնորհակալություն է հայտնել տղաներին օլիմպիական խաղերում գրանցած հաջողությունների համար:

«Ուզում եմ երախտիքի խոսքեր հղել ձեզ, մեր երկրի, մեր մարզի պատիվը Օլիմպիական խաղերում բարձր պահելու համար։ Չնայած նախորդ տարի մեր երկրին բաժին հասած դժվարություններին, դուք ձեր տքնաջան աշխատանքով կարողացաք բարձր պահել մեր հավաքականի հեղինակությունը, Շիրակ բերեցիք հավաքականի 4 մեդալներից 2-ը։ Կարծում եմ, որ դեռ անելիքներ շատ կան, բոլորս միասին, համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանանք հաջորդ խաղերին ունենալ առավել լավ արդյունքներ»,- նշեց մարզպետը։

Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել մարզպետին ընդունելության համար՝ նշելով, որ բոլոր մարզիկների համար շատ կարևոր է նմանօրինակ ուշադրությունը, հոգատար վերաբերմունքը: Մրցելույթներից, սպասելիքներից, արդյունքներից և Օլիմպիական խաղերից ստացած տպավորություններից բացի, անդրադարձ է եղել խաղերում մեր հավաքականի նկատմամբ մրցավարների ոչ օբյեկտիվ վերաբերմունքին։

--00--ԱՀ