Ալիևը ասել է, որ ցանկություն ունեն խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակում ասել է, որ իբրև հիմա դժվար է խոսել վերջնական քաղաքական կարգավորման մասին: Նա նաև ընդգծել է, թե իբրև իրենք ունեն ցանկություն՝ խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի հետ:

«Մեր երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իրականացնեն սահմանների սահմանագծում և սահմանազատում: Սակայն մինչ օրս մենք պատասխան չենք ստացել Հայաստանի կառավարությունից», - ասել է Ալիևը, ապա հավելել, որ իր կարծիքով «Հայաստանի ղեկավարությունը կա՛մ պատրաստ չէ ստորագրել խաղաղության պայմանագիր, կա՛մ դեմ է դրան»:

Ըստ նրա՝ հայկական կողմը իբրև թե «կարող է դրա համար փոշմանել», ուստի եթե բացահայտ ասի, որ չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել, դրանից հետո կսահմանեն իրենց քաղաքականությունը:

Ալիևը նաև ասել է, որ իբրև եթե «Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն կլինի», ապա հիշեցրել է, որ կոնկրետ առաջարկներ դրված են սեղանին:

««Զանգեզուրի միջանցք», կապի գծերի արդիականացում և այլն... սա համապատասխանում է ինչպես մեր, այնպես էլ Հայաստանի շահերին: «Զանգեզուրի միջանցքի» բացումը ձեռնտու է Հայաստանին տնտեսական տեսանկյունից»,-ասել է նա:

--00—ԼՄ