ՌԴ-ն հաստատում է․ Ադրբեջանն Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ ԱԹՍ-ներ է կիրառել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

խաղաղապահ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքի կատարումը Լեռնային Ղարաբաղում։ 

«Անցած օրերին արձանագրվել է կրակի դադարեցման ռեժիմի մեկ խախտում։ 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 7։29-ին և 7։58-ին Ադրբեջանի զինված ուժերը հարվածային տեսակի ԱԹՍ-ների կիրառմամբ երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ։  Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիան թույլ չտալու համար: Անցկացվում  է  հետաքննություն»,- նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր, որ օգոստոսի 11-ին հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

--00--ԱՀ