Փաշինյանին վերացնելու մասին հայտարարության համար Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

ю

Նիկոլ Փաշինյանին վերացնելու մասին Պավել Մանուկյանի հայտարարությունների առթիվ հարուցված քրեական գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն։ 

Պավել Մանուկյանը նման հայտարարությամբ էր հանդես եկել փետրվարի 8-ին՝ մասնակցելով ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային՝ ի պաշտպանություն այն ժամանակ դեռևս անազատության մեջ գտնվող Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին վերացնելու մասին Բադասյանի՝ Եռաբլուրում հնչեցրած հայտարարությանը, նշել էր, որ ինքն էլ է վերացնելու, և իրենց պես հազարները կան։

Պավել Մանուկյանի հայտարարությունների առթիվ հարուցվել է քրեական գործ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածի հատկանիշներով։

Հարուցված քրեական գործի շրջանակներում Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ 

--00--ԱՀ