Ստեփանակերտի մոտ 40%-ը ջրազրկված է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Ստեփանակերտ

Ստեփանակերտի մոտ 40%-ը ջրազրկված է, մնացած 60%-ում շուրջօրյա ջուր կա։  «Ջրմուղ–կոյուղի» ՓԲԸ–ն այս օրերին 4 աշխատանքային խմբերով, մեքենաներով, առավոտյան 8–ից մինչեւ կեսգիշերն անց շրջում են Ստեփանակերտի ջրազրկված թաղամասերով եւ անվճար ջուր մատակարարում բնակիչներին։ Օրական 100 տոննա ջուր է մատակարարվում բնակիչներին։

NEWS.am-ի հետ զրույցում Արցախի «Ջրմուղ–կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանն ասաց, որ ջրի պաշարների պակասը պայմանավորված է երկու հանգամանքով՝ ջրօգտագործողների եւ տեղումների քանակով. «Հետպատերազմյան շրջանում Ստեփանակերտի բնակիչների քանակն ավելացել է 15 հազարով։ Օրինակ, 2020թ.–ին մինչեւ սեպտեմբերի կեսն աշխատել ենք արտակարգ ռեժիմով, այդ ամիսներին օգտագործել ենք մաքսիմում ունեցած հնարավորությունները, եթե 2021թ.–ի ամռանը մայրաքաղաքում բնակիչների թիվն ավելացել է, դա փաստ է, որ ջուրը չի հերիքելու։ Երկրորդ հանգամանքն այն է, որ վերջին 3–4 տարիներին, տեղումների քանակը նվազել է։ Ես հենց այս հանգամանքներով պայմանավորված էի ավելի վաղ հաշվարկել, որ ջրի պաշարները մեզ չեն հերիքելու»։

Ստեփանակերտցիները դժգոհում են՝ շուրջ մեկ շաբաթ է մի կաթիլ ջուր չեն ստանում, մինչեւ երբ պիտի այդ պայմաններում ապրեն։ Ամռան այս շոգ օրերին  բնակիչները պահանջում են, որ օրական գոնե մեկ կամ երկու ժամով  ջրամատակարարումը վերականգնեն։

«Դուք մտածո՞ւմ եք, որ այդ հնարավորությունը կա, եւ ես չեմ անում։ Եթե դրա 1%-ի հնարավորությունը լիներ՝ վստահ եղեք, որ ես դա կանեի։ Կարծո՞ւմ եք իմ դուրը գալիս է, որ ես 7 օր է՝ մեր տուն չեմ գնում, գիշեր–ցերեկ աշխատում եմ, որ հարցին լուծում տանք։ Մեր տանն էլ ջուր չկա։ Ես էլ, մեր աշխատողներն էլ այս օրերին շրջում ենք մայրաքաղաքի զրազրկված փողոցներում եւ ջուր բաժանում։

Սա տարերային աղետ է, մենք անհնարինն ենք անում, որպեսզի օր առաջ ջրամատակարարումը վերականգնվի։ Ստեփանակերտում այս պահին ապրում է մոտ 75 հազար մարդ, այս քաղաքին վայրկյանում պետք է 288–290 լիտր ջուր, այս պահին ես ունեմ վայրկյանում 160 լիտր ջուր, ես ի՞նչ անեմ, որտեղի՞ց ջուր բերեմ տամ այդ մարդկանց»,– արձագանքում է  Գագիկ Պողոսյանը։

Ստեփանակերտում ջրանջատումները սկսվել են օգոստոսի 6–ի երեկոյան ժամերից։ Ջրի պաշարների քիչ լինելու մասին, «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ–ի տնօրենը դեռ մայիսի վերջին է Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ տեղյակ պահել՝ ընդգծելով, որ  ամռանը ջրի խնդրից խուսափել չի լինելու։ 

«Ես այդ ժամանակ ասացի, որ մեր ունեցած պաշարներով կարողանալու ենք ձգել մինչեւ հուլիսի վերջ։ Աշխատանքները ճիշտ համակարգելու արդյունքում, ջրի պաշարները բավարարեցին մինչեւ օգոստոսի 6–ը։ Օգոստոսի 7–ին Ստեփանակերտի 20%-ն արդեն ջրազրկված էր»,– ասաց Գագիկ Պողոսյանը։

Ստեփանակերտում, ըստ «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ–ի տնօրենի՝ օգտագործվում է արտեզյան խորքային 17 պոմպ։ «Երաշտի պատճառով արդեն 4–4,5 ամիս է օգտագործում ենք այդ պոմպերը, որոնք վայրկյանում մղում են 15–16 լիտր ջուր։ Երեկվա դրությամբ, այդ պոմպերը վայրկյանում մղում են 5–6 լիտր ջուր, այսինքն՝ երեք անգամ արտադրողականությունը քչացել է, քանի որ ընդերքում էլ ջուր չկա»։

Որպեսզի Ստեփանակերտում վերականգնվեն ջրի պաշարները, Գագիկ Պողոսյանի խոսքով՝ պետք է անձրեւ գա։ «Եթե որեւէ մեկն այլ բան ասի ժողովրդին, իմացեք՝ խաբելու է»։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ, օգոստոսի 10–ից, մայրաքաղաքում գործող բոլոր ավտոլվացման կետերի եւ հանգստի գոտիների ջրօգտագործումը դադարեցվել է մինչեւ քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը:

--00--ԱԹ