Խանջյան գյուղի 10 բնակիչ թունավորվել է. նրանք նշում են՝ ցիստեռնի ջուր են խմել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

ջուր

Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ 6 քաղաքացի է հոսպիտալացվել: Բոլորը Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչներ են: Հոսպիտալացված հիվանդներից 3-ը երեկ են տեղափոխվել հիվանդանոց, 3-ը՝ այսօր: «Արմավիր» ԲԿ-ի բժիշկ-համաճարակաբան Աշխեն Պողոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ Խանջյան գյուղից երեկ և այսօր հիվանդանոց է դիմել ընդհանուր 10 քաղաքացի, որից 4-ը բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել, իսկ 6-ը շարունակում է բուժումը ինֆեկցիոն բաժանմունքում: 

«Հիվանդներն իրենց  անամնեզում նշում են, որ ցիստեռնի ջուր են օգտագործել, այժմ կասկածը դրա վրա է: Լաբորատոր հետազոտություն է իրականացվել, թե ինչ արդյունք կստացվի, պարզ չէ, ընթացքի մեջ է»,-ասել է Աշխեն Պողոսյանը:

Խանջյան համայնքի ղեկավար Արտակ Արոյանը նշել է, որ համայնքն ունի 24-ժամյա ջրամատակարարում, սակայն այդ ջուրը խմելու համար պիտանի չէ: Համայնքապետի խոսքերով՝ ջուրը մատակարարվում է խորքային հորից եւ տեխնիկական է համարվում: Խանջյանի բնակիչները խմելու նպատակով Թալինից ցիստեռններով բերված ջուր են գնում:

«Նախնական տվյալ է, որ ցիստեռնից բերված ջրից է ինֆեկցիա անցել: Դեռ վերջնական պարզ չի»,- ասել է Խանջյանի համայնքապետը:

--00--ԱԹ