Եռամսյա վարժական հավաքներ կանցկացնի՝ օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

․

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որի համաձայն նախատեսվում է 2021թ. օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:

Նախագծի համաձայն, ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ կառավարությունը կորոշի․

1․Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը:

2․ Վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 2169 քաղաքացու, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:

3․ Վարժական հավաքների ապահովման համար՝ երեք ամիս ժամկետով` 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել ընդհանուր մինչև 110 միավոր տրանս­պորտային միջոց՝ համաձայն հավելվածի:

4․ Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

5․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել վարժական հավաքներին ներգրավվող պահեստազորայինների բուժհետա­զոտումը ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների:

6․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ վարժական հավաքներ անցկացման ժամկետում անհրաժեշտությունը վերանալու դեպքում վարժական հավաքներին ներգրավված քաղա­քա­ցիներին ժամկետից շուտ արձակել պահեստազոր, իսկ ներգրավված տրանսպորտային միջոցները վերադարձնել ռազմա­տրանսպորտային պարտակա­նություններ ունեցող համապատասխան մարմիններին:

--00--ԱՀ