4 մեդալից երկուսը եկավ Գյումրի. Բալասանյանն ընդունել է Օլիմպիադայի մասնակիցներին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Գյումրի մարզիկներ

Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն այսօր՝ օգոստոսի 10-ին, ընդունեց Տոկիոյի Օլիմպիական խաղերից վերադարձած գյումրեցի մարզիկներ Արթուր Ալեքսանյանին, Կարապետ Չալյանին, Հովհաննես Բաչկովին և նրանց մարզիչներին: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Սամվել Բալասանյանը ողջունեց ու շնորհավորեց մարզիկներին հերթական հաջողությունների առիթով, մարզիկների հետ կիսվեց նրանց մրցելույթների ընթացքում իր ունեցած զգացողություններով և տպավորություններով, խոսեց մրցավարական գործոնի և մի շարք այլ հարցերի մասին, ապա ընդգծեց.

«Շատ շնորհակալ ենք ձեզ, տղաներ: 4 մեդալ կար Հայաստան բերված, որից 2-ը եկավ Գյումրի: Մեր ցանկությունն էր, որ Գյումրին 3 մեդալ ունենար, իսկ 2 մեդալների գույնը լիներ ավելի պայծառ, բայց այդպես ստացվեց: Մենք այլ կերպ չպետք է մտածենք, պետք է առաջ գնանք, ընդամենը 3 տարի հետո Փարիզում մենք ունենք հանձնելու շատ կարևոր մրցաշար»,- ավելացրեց Սամվել Բալասանյանը:

Սամվել Բալասանյանն այնուհետ խոսեց սպորտի ոլորտում Գյումրու ունեցած պոտենցիալի, սպորտային համալիրի կառուցման, սպորտի թանգարան ունենալու համար տարվող աշխատանքների մասին:

Հանդիպման ընթացքում մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ուշադրության համար, ընդգծելով, որ բոլոր մրցաշարերից առաջ և հետո շատ կարևոր են նմանօրինակ հանդիպումները յուրաքանչյուր մարզիկի համար: Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին խոսեցին մրցելույթներից, իրենց սպասելիքներից, արդյունքներից և Օլիմպիական խաղերից ստացած տպավորություններից:

Նշենք, որ Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանը նվաճեց արծաթե, իսկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալ:

--00--ԱԹ