Արցախում ջրի պակասից էներգետիկ անվտանգության հարցեր. շաբաթն՝ ամփոփ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Հենակետ

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է հաղորդել ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա ընթացքում սոցցանցերի արցախյան տիրույթում լայնորեն քննարկվում է Արցախում խմելու ջրի հետ կապված հարցը։ Մարդիկ բողոքում են, որ ամառային այս շոգ օրերին խմելու ջուր չլինելու պատճառով իրենց կենցաղային տարրական հարցերը չեն կարողանում լուծել։ Խնդրին անդրադարձել է Ստեփանակերտի փոխքաղաքապետը, նշելով, որ շուրջ մեկ ամիս է, ինչ տոթ եղանակների պատճառով ջրի ընդհանուր քանակը երկու անգամ պակասել է։ Դրանով են պայմանավորված մայրաքաղաքի որոշ թաղամասերում ջրամատակարարման խափանումները։ Նրա խոսքերով, այս պահի դրությամբ գործարկվել են Ստեփանակերտը սնուցող գրեթե բոլոր արտեզյան ջրհորները և ջրամատակարարումը կանոնավոր կիրականացվի բավարար չափով տեղումների պարագայում միայն։

Նշենք, որ Արցախի ջրային ռեսուրսների զգալի մասը 44-օրյա պատերազմից հետո հակառակորդի տիրապետության տակ է հայտվել, ինչը իր ուղիղ ազդեցությունն ունի ստեղծված իրավիճակի վրա։

Շաբաթվա վերջում մամուլում և համացանցում տեսանյութ էր տարածվում, որում երևում է, թե ինչպես են պատռում Ստեփանակերտում երգիչ Անդրեի համերգի վերաբերյալ փակցված պաստառը: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում օգոստոսի 8-ին՝ ժամը 20:00-ին, նախատեսված էր երգիչ Անդրեի «Ցավըտ տանիմ Արցախ» խորագրով համերգը։ Անդրեն հավաստիացրել է, որ համերգն անպայման տեղի է ունենալու, սակայն ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի հայտարարությամբ էլ՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առնվազն մինչև նոյեմբերի 11-ը որևէ համերգ չի կազմակերպվելու։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն հայտարարել է, որ ադրբեջանցիներն անարգել շրջում են Արցախի հայկական վերահսկողության մնացած տարածքներում, անգամ հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներ են վարում։ Պատգամավորը ընդգծել է,․ որ իշխանությունները պետք է վերահսկեն այդ գործընթացները, սակայն իրենք չեն անում, որովհետև հիմա իրենք բոլորովին այլ բաներով են զբաղված։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտարարել են, որ մարտական պատրաստության պլանային վարժանքների շրջանակում խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման (ՆՏԱ) ստորաբաժանման զինծառայողները մշակել են ժամանակակից մարտավարության վարման տակտիկա ԼՂ «Ստեփանակերտ» վարժադաշտում։

ՌԴ ՊՆ մեկ այլ հայտարարությունից էլ տեղեկանում ենք, որ խաղաղապահ զորակազմի զինծառայողները հումանիտար-բժշկական ակցիայի շրջանակում օգնություն են տրամադրել Մարտակերտի շրջանի առանձին բնակավայրերի բնակիչներին: Ինչպես նշվում է, խաղաղապահները բարեգործական հիմնադրամներից ստացված ընդհանուր առմամբ ավելի քան 4 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել Չափար գյուղի բնակիչներին`խոհանոցային և պարենային փաթեթների տեսքով:

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պետական վարկային քաղաքականությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով:

Հարությունյանի մոտ նույն օրը քննարկվել են ԱՀ էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:

ԱՀ նախագահ Ա․ Հարությունյանն օգոստոսի 3-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Նախագահը ծանոթացել է շրջանում ընթացող շինարարական աշխատանքներին, Մարտակերտ քաղաքում շրջանի ղեկավարության և համայնքապետերի հետ քննարկել է առկա խնդիրները ու տվել մի շարք հանձնարարականներ:

Հարությունյանին օգոստոսի 5-ին, իր առանձնատանը հյուրընկալել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր։

Նույն օրը, Ա․ Հարությունյանը Երևանում՝ ՀՀ ՊՆ համալիրում, հանդիպել է պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ Արցախի համապատասխան մարմինները պետք է բանակցություններ սկսեն ադրբեջանական հենակետը Հին Շենի մերձակա տարածքից հեռացնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Հին Շեն գյուղը մինչև պատերազմը ունեցել է 187 բնակիչ, որոնցից ընդամենը 86-ն է հիմա մշտապես բնակվում գյուղում։ Գյուղացիների վերադարձի և գյուղում բնականոն կյանքի վերականգնման հիմնական խոչընդոտը գյուղի նկատմամբ գերիշխող դիրք զբաղեցնող հարակից բլրի վրա ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն է։

ԱՀ ՄԻՊ- ի հաղորդման համաձայն՝ հուլիսի 29-ին և օգոստոսի 2-ին Շուշիի շրջանի Հին-շեն համայնքի բնակիչներին պատկանող 4 խոշոր եղջերավոր կենդանիներ հափշտակվել են։ Գյուղացիների պնդմամբ՝ անասուններին ապօրինի տիրացել են հիշյալ հենակետում ծառայություն իրականացնող ադրբեջանական զինվորականները։

ԼՂ հակամարտության մասին

ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Մոսկվան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում կարևորում է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կայունացումը, ինչը ենթադրում է 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Պաշտոնական Մոսկվան նաև նշել է, որ շահագրգռված է նաև տեղահանված անձանց ու փախստականներին ԼՂ վերադարձնելու գործում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավման հարցում:

ԱՄՆ Ջո Բայդենը հայտարարել է, որ հասկանում է այն դժվարին անվտանգային մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականին ԼՂ հակամարտության պատճառով. «Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»: Բայդենը հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի դաշնային կառավարությունը կշարունակի աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ լուծում գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։

--00--ԱԹ