Տավուշի «անկլավներ»-ն ու ռուս սահմանապահների առկայություն Ոսկեպարում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Օգոստոսի 3-ին մամուլում տեղեկություն տարածվեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների և այլ պաշտոնյանների ուղեկցությամբ Տավուշի մարզի Ոսկեպար համայնք են ժամանել ռուս զինվորականներ, նախատեսվում է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ավտոճանապարհի եզրին տեղակայել ռուս սահմանապահ ուղեկալ:

Ավելի ուշ՝ օգոստոսի 5-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց հաստատելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ և իրականացվում են շինաշխատանքներ՝  սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ 

Նախարարությունը ընդգծել էր, որ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։

Լրագրողները Տավուշի մարզից ընտրված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է պայմանավորված Ոսկեպարում ռուս զինծառայողների ներկայությունը, սակայն պատգամավորը պատասխանեց, որ տեղեկություն չունի, վստահեցնելով՝ մարզում այս պահին խնդիրներ չկան:

Լրագրողները վերջինիս հիշեցրեցին, որ ամիսներ առաջ ինքն ասել է, որ Տավուշում կան ադրբեջանական տարածքներ, հնարավո՞ր է, որ այդ տարածքներն են վերադարձվում, ինչին Ղալումյանը պատասխանեց, որ ինքն ասել է, Տավուշում կան հողեր, որոնք գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ և կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են մեր տիրապետության տակ: 

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ տարածքները փոխանակվեն, Ղալումյանը պատասխանեց. «Չեմ բացառում, գտնում եմ, որ կա խնդիր, որ կարող ենք նստել, խոսալ, հասկանալ»:

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով, ռուս սահմանապահների տեղակայումը սահմանին հավանաբար պայմանավորված է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներով: Նա ընդծեց, որ անկլավների հարց չի կարող քննարկվել, քանի դեռ չեն իրականացվել սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ:

«Այդպիսի գործողությունները լինում են խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, իսկ եթե այսօր ստորագրվի խաղաղության պայմանագիր, նշանակում է՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը մեծ վնաս կհասցնի Արցախի խնդրին, ՀՀ իշխանությունները դրա մասին պետք է մտածեն: Այնպես որ, այս գործողությունները ժամանակավրեպ են, և Հայաստանը ինքնուրույն պետք է իր խնդիրները լուծի: Կարծում եմ, այդ բոլոր նախապատրաստական աշխատանքներն ուղղված են անկլավների հարցում նորից Ադրբեջանին զիջում անելու համար»,- հավելեց նա:

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն,  անդրադառնալով մտահոգություններին, թե հնարավոր է, որ անկլավների վերադարձի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, պատասխանեց.

«Բացառել չենք կարող, որովհետև ժամանակը ցույց է տվել, որ այս իշխանությունները գաղտնի և բանավոր պայմանավորվածությունների հիման վրա տարածքներ են հանձնել։ Ի՞նչի հիման վրա պետք է տեղի ունենա անկլավների հանձնում, ի՞նչ փաստաթղթերի և ի՞նչ իրավական հղումների վրա, և առհասարակ Հայաստանը ինչո՞ւ է քննարկում ինչ- որ տարածքների հանձման հետ կապված հարցեր:

Մենք ունենք Ադրբեջանի առաջ դնելու մեր պահանջները, սեփական օրակարգը։ Ինչո՞ւ է այս ողջ գործընթացը տեղի ունենում Ադրբեջանի առաջ քաշած պահանջների շրջանակներում: Առհասարակ քննարկման չեմ ուզում ենթարկել անկլավների հետ կապված հարցերը, որովհետև մենք պարտավոր ենք շարժվել սեփական օրակարգով, իսկ սեփական օրակարգի շրջանակներում առաջ մղել մեր շահերը»:

Մանրամասները՝ տեսանյութում։