Բացվեց «Մատաղիսի թագավորության ասպետ» Գևորգ Արշակյանի անվան պուրակը

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 6, 24News

Բուսաբանական այգու մի անկյունում, այսօր՝ օգոստոսի 6-ին, բացվեց «Մատաղիսի թագավորության ասպետ», Արցախյան պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան պուրակը։

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության, իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ, ավագ լեյտենանտ, Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած Գևորգ Արշակյանը ծառայության ավարտից ընդամենը ամիսներ անց, երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, կրկին մեկնեց Արցախի հյուսիսային սահմանները պաշտպանելու, հետագայում էլ` Շուշի, որտեղ էլ հերոսաբար զոհվեց՝ հայրենիքը պաշտպանելիս:

Ուսանողական ընկերները, նշում են, որ առաջին պատերազմից հետո, երբ հաղթանակը մերն էր, գուցե հերոսներ ունենալն ավելի հեշտ էր, քան հիմա՝ պարտությունից հետո։

«Հիմա մեր պարտքը պետք է համարենք Գևորգին, որպես անձ, ճանաչելի դարձնել և հասկացնել, թե ինչու է նա մեզ համար հերոս։ Նա այն մարդն է, ում օրինակով պետք է դաստիարակենք մեր երեխաներին»,- նշում է ուսանողական ընկերը։

Պուրակի բացմանը ներկա ԵՊՀ դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանն էլ ափսոսանքով նշում է, որ Արշակյանը, իր կարճ, բայց իմաստալից կյանքով կարողացավ անունը ոսկե տառերով գրել Հայաստանի և Արցախի պատմության նվիրական էջերում։

«Արշակյան անունը երևույթ է նորօրյա պատմության մեջ։ Նա իր հայրենիքը ավելի շատ էր սիրում։ Նա և իր հերոսացած ընկերները մի պատգամ ունեն մեզ՝ շարունակել ապրել, պայքարել այն գործի համար, ինչի համար իրենք իրենց կյանքը չխնայեցին»։