Հնարավոր է Արցախը վերադարձնել, թշնամուն քշել մեր երկրից․ Դավիթ Սահակյանց

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News

«Հնարավոր է Արցախը վերադարձնել, թշնամուն քշել մեր երկրից»,- այս մասին 24TV-ի հետ հարցազրույցում ասել է մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով Արցախում և Սյունիքում տիրող իրավիճակին։

«Երկու խոշոր պատերազմի, երկու մեծ փոփոխությունների միջով անցնել և հանձնվել, կլինի ամենամեծ դավաճանությունը։ Մենք կորցրել ենք ինքնիշխանությունը, մեր երկրի և ազատության համար պայքարելու ցանկությունը․ դեռ ունենալու ենք կորուստներ։ Սյունիքին սպասվում է Արցախի ճակատագիրը, եթե ատամ ցույց չենք տալիս և խաղաղություն ենք խաղում գիշատիչի հետ։

Մտածելուց, կրիտիկական անալիզ անելուց զուրկ հասարակություն ենք, որովհետև այդպես ավելի հեշտ է ապրել։ Չի հետաքրքրում, թե ինչ գին կվճարենք հանգիստ ու կուշտ փորով ապրելու համար, իսկ վճարում ենք սարսափելի մեծ գին։ Ուզում ենք կուշտ ու հանգիստ ապրել, և Արցախը դառնում է խնդիր, անկախությունն ու բանակը՝ բեռ, իսկ հողի կորուստը գին չունի։

Չեմ ուզում լինել այն մարդը, որ չկարողացավ փոխանցել այն երկիրը սերունդներին, որ իրեն էին փոխանցել։ Եթե հայրենիքը սիրենք, ինչպես մեր տունը, շատ հարցեր կլուծվեն։ Մենք չենք տերը այս երկրի, մեր պատմությունն է տերը, մեր ապագան, և իրավունք չունենք հանձնվել։ Մեծ խաղացողները նպատակ ունեին պահել այս իշխանությանը և պահեցին․ մենք փոքր խաղաքարտ ենք»,-նշել է Դավիթ Սահակյանցը։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։ 

--00--ԿԿ