22 տարի անց ինչո՞ւ են հիշել հոկտեմբերի 27-ը, որտեղի՞ց են այս անասնական վախերը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ ընտրություններից առաջ բազմաթիվ կանխատեսումներ էին արվում, որ վերարտադրված իշխանությունները նախ հաշվեհարդար են տեսնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած անձանց ու կառույցների հետ, ապա անցնելու են մամուլին։ Կյանքը ցույց տվեց, որ իրենց նեղություն չտվեցին հերթականություն սահմանելու համար՝ հալածանքները սինխրոն ձեռնարկվում են ե՛ւ ընդդիմադիրների, ե՛ւ լրատվամիջոցների նկատմամբ։

Ժամանակին թափանցիկությունից, մամուլի ազատությունից շարունակ խոսող երիտասարդ հեղափոխականները որոշել են լրագրողների օդերը փակել․ ինչ կարողանում են, անում են օրենքների միջոցով, ինչն օրենսդրական կարգավորման ենթակա չէ՝ տարբեր կանոնակարգերի ու նախադեպերի, եւ «ինստիտուցիոնալ կարգավորում» են կոչում մի պրոցես, որը մարդկային լեզվով կոչվում է ազատ խոսքի սահմանափակում, մամուլի նկատմամբ ճնշումներ։

Նոր խորհրդարանի աշխատանքը նշանավորվեց լրագրողական աշխատանքի խայտառակ սահմանափակումներով, եւ առհասարակ՝ ԱԺ շենքում, անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանդից հետո, երբեք այսքան ոստիկան եւ անվտանգության աշխատակից չէր եղել։ Լրագրողական ընդվզումներին ի պատասխան, ԱԺ նոր ղեկավարությունը հայտարարում է, թե այս շենքում «հոկտեմբերի 27» է եղել, եւ Նաիրի Հունանյանը լրագրող էր։

Մոռանում են, որ լրագրող էր նաեւ Նիկոլ Փաշինյանը, լրագրողական գործունեությամբ են զբաղվել իրենցից շատ-շատերը, բայց ոչ ոք մեր պետության եւ ազգի դեմ ծավալած նրանց եռամյա գործունեության աղետալի հետեւանքների մասին խոսելիս իրենց չի համեմատում մեր երկրի պատմությունը շրջած ոճրագործի՝ Նաիրի Հունանյանի հետ։ Եվ ընդհանրապես՝ 99-ից 22 տարի անց ինչո՞ւ են հիշել հոկտեմբերի 27-ը, որտեղի՞ց են այս անասնական վախերը, եւ ի՞նչ վտանգ են զգացել լրագրողներից հենց այսօր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ