«Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում հնչել են կրակոցներ․ կասկածյալներից 3-ը եղբայրներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Հասարակական

Հուլիսի 31-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Հ․ Սարգսյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ վաղ առավոտյան Նոր Նորքում գործող «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում կրակոցներ են հնչել։  Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչ 31-ամյա Բաբկեն Մ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Սերգեյ Ս․-ն, Երևանի բնակիչներ 38-ամյա Վահե Մ․-ն և 36-ամյա Պետրոս Մ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 36-ամյա Արման Հ․-ի, 61-ամյա Արթուր Դ․-ի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Այդ ընթացքում Արման Հ․-ն իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։  Նոր Նորքի ոստիկանները Բաբկեն Մ․-ին, Սերգեյ Ս․-ին, Վահե Մ․-ին, Պետրոս Մ․-ին, Արման Հ․-ին, Արթուր Դ․-ին տաք հետքերով հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Արման Հ․-ի մոտ հայտնաբերվել է նաև Walther տեսակի ատրճանակ։  Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից  Բաբկեն, Վահե և Պետրոս Մ․-երը հարազատ եղբայրներ են։

--0--ԿԿ