Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով հայ գերիների՝ իր վերհսկողության տակ գտնվելը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 31,  24News

Հենակետ

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին։

Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին

Ինչպես նախորդ շաբաթ, այնպես էլ ընթացիկ շաբաթ, հայաստանյան մեդիատիրույթում և սոցիալական ցանցերում գլխավոր քննարկման թեման Արարատի(Երասխ), Գեղարքունիքի, Սյունիքի շփման գծի տարբեր հատվածներում հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ hրապարակումներն են։

ՊՆ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ մասնավորապես հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Նույն օրը, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։

Հուլիսի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Զորամիավորման հրամանատարը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:

Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Վարդենիսի հատվածում: Ընթացել են տեղային մարտեր։

Ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվել է մինչև հուլիս 28-ի առավոտյան, իսկ ժամը 10։00 դրությամբ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվել է։

Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։ Մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմն ունեցել է երեք զոհ, չորս հոգի վիրավոր։

Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը Վլադիմիր Պուտինը քննարկել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Տեղեկությունը լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը վերահաստատել է իր այն առաջարկը, թե սահմանային լարվածության ֆոնին Փարիզը պատրաստ է դիտարկել Երևանի հայտը, պաշտպանության ոլորտում Հայաստանի դիմումները։

Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, իրենց մտահոգությունը հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բախումների կապակցությամբ։ Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է լարվածությունը հնարավորինս արագ հաղթահարելու, միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը, և պատրաստակամություն է հայտնել՝ կողմերին տրամադրել ցանկացած օգնություն ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (Ռուսաստան) ևս հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը:

Համանախագահները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը, զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ինչպես նաև ամբողջովին կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և հրադադարի մասին այլ համատեղ համաձայնագրերով ստանձնած պարտավորվածությունները:

Հաջորդ գիշեր, մասնավորապես հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:

Փոխհրաձգությունները ընդհատումներով շարունակվել են հուլիսի 29-ի ընթացքում։ Նույն օրը, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր: Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, իր մտահոգությունը հայտնելով տարածաշրջանում հետագա էսկալացիայի սրման վտանգի կապակցությամբ։ Զասն ողջունել է ՌԴ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ անդրադառնալով հուլիսի 28-ին Հայաստանի սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողություններին, կողմերին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի, և հարցերը լուծել երկխոսության միջոցով։

Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:

Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բիկանտովը անդրադառնալով հայ-ադրբեջանական բախումների թեմային, իր մտահոգությունն է հայտնել տեղի ունեցած զինված միջադեպերով, որոնց հետևանքով մարդկային զոհեր են եղել: Նա ընդգծել է, որ ՌԴ-ն պատրաստ է հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցույց տալ իրավիճակի նորմալացմանը: Բիկանտովը նաև ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի ԱԽ հուլիս ամսվա նախագահող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա Դե Ռիվիերին և ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։

Նամակը շրջանառվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և առաջիկայում կհրապարակվի որպես ՄԱԿ ԱԽ պաշտոնական փաստաթուղթ:

Հուլիսի 30-ին Բրյուսելում ԵԽ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, ԵԽ Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զիվկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների վերաբերյալ:

Համազեկուցողներն արձանագրել են, որ սահմանի շուրջ հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններում առանց ուժի կիրառման և միակողմանի գործողությունների:

Նրանք դատապարտել են Ադրբեջանի ներկայացուցիչների, մասնավորապես, վերջին սադրիչ հայտարարությունները այսպես կոչված, «Արևմտյան Զանգեզուրի» և ՀՀ տարածքը, որպես Ադրբեջանի «նախնիների երկիր», ներկայացնելու վերաբերյալ: Համազեկուցողները նման հայտարարությունները խիստ անպատասխանատու են որակել և նշել են, որ այդպիսի հռետորաբանությունը հետագայում խաթարելու է տարածաշրջանային անվտանգությունը։

Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Հուլիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունեց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանը հերքում է բազմաթիվ աղբյուրներով փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր վերհսկողության տակ գտնվելու փաստը և հրաժարվում է նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրումից, այդ թվում՝ թաքցնում է վերջիններիս պահման վայրերը:

Այլ թեմաներ

Հուլիսի 29-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ Ադրեբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչպես նաև առկա իրավիճակը հաշվի առնելով՝ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Փաշինյանի այդ նախաձեռնության մասին, նշել է, թե Կրեմլը չի մեկնաբանում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուսական սահմանային կետերի տեղակայման գաղափարը:

ՊՆ անցուդարձի մասին

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում, ստորաբաժանումներում անցկացվել են հրաձգության մարզումներ, կրակային, մարտավարական, մասնագիտական պարապմունքներ, տեղի են ունեցել հավաք խորհրդակցություններ և այլն։

--00—ՄՀ  

Տեսանյութեր