Դավիթ Բեկից 1-1,5կմ-ի վրա Ադրբեջանն ամրապնդում է դիրքերը. ԶՈւ քանակը գերազանցում է մերոնց

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 30, 24News   

Դավիթ Բեկ

Ադրբեջանցիները Սյունիք մարզի Դավիթ Բեկ գյուղից 1-1․5 կմ հեռավորության վրա են, բայց գյուղում վտանգավոր ելումուտեր չեն լինում, սադրանքների չեն դիմում, փոխարենը ամրապնդում են իրենց դիրքերը։

Վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ մոտ երկու շաբաթ առաջ կենդանիներ են անցել ադրբեջանական կողմ ու մինչև այսօր չեն վերադարձվել.

«Մեզ մոտ նման դեպքեր չեն եղել, որ ադրբեջանցիները ելումուտ անեն։ Հուլիսի 14-ին հինգ անասուն անցել է սահմանը, հետ բերել չի հաջողվել։ Ռուսներին էլ ենք ասել, բայց Ադրբեջանն ասում է՝ մեզ մոտ անասուն չի անցել»։

Սահմանից այն կողմ ադրբեջանցիները դեռ երեք ամիս առաջ ակտիվ շինարարություն էին իրականացնում։ Ադրբեջանական ԶՈՒ-երի քանակը համեմատաբար ավելի շատ է։

«Շարունակում են իրենց գործողությունները, ավելի են ամրապնդվում, մերի նման չէ, մի քիչ ավելի լավ է իրենցը։ Իրենց դիրքերը շատ չեն, բայց մեծ-մեծ են, քանակով շատ են դիրքավորված»,- ասել է վարչական ղեկավարը՝ նշելով, որ նրանց զինվորների թիվը գերազանցում է եւ «մեզնից հաստատ շատ են»։

Պողոսյանը նշել է, որ մինչ պատերազմը գյուղն ուներ 500 բնակիչ, այս պահին Դավիթ բեկում 440 փաստացի ապրող կա։ Գյուղում գազամատակարարում չունեն, պատերազմից հետո 50 հա սեփականաշնորհված հողերն անցել է ադրբեջանական կողմին։

Սահմանին մոտ հողերում պատերազմի պատճառով գյուղացիները ցանք չէին կատարել, բայց խոտհարքը կազմակերպել են ու ավարտին հասցրել։

Պողոսյանի խոսքերով՝ բոլոր բնակիչները տուժվել են։ Տուժել են նաև հրետակոծության պատճառով, վնասել է 93 տուն, որի համար պետությունը փոխհատուցում է տրամադրել.

«Ամեն դեպքում բնակիչները էդքան էլ ապահով չեն զգում։ Չնայած մեզ մոտ կրակոցներ ու նման դեպքեր չեն լինում»։

--00--ԱԹ