Գնել Սանոսյանը Գեղամասարի համայնքապետին առաջարկել է հրաժարական տալ. վերջինս հրաժարվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

հրաժարական

Իշխանությունները պահանջել են, որ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հրաժարական տա։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով իր աղբյուրներին: Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում նա հայտարարել էր «Հայաստան» դաշինքին աջակցելու մասին։ 

Համայնքապետը կայքի հարցմանն ի պատասխան հաստատել է հրաժարականի պահանջի մասին տեղեկությունները.

«Այո, եղել է։ Հենց մարզպետի կողմից։ Ինքը առաջարկել է հրաժարական, բայց ես իրեն շատ կոնկրետ պատասխանել եմ, որ հրաժարական չեմ տա, ինձ ժողովուրդն է ընտրել ու ես չեմ պատրաստվում նման քայլի գնալ»։

Դառնալով հուլիսի 28-ին Երեւանում գտնվելու պատճառներին, երբ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ Գեղարքունիքի հատվածում իրավիճակը լարված է՝ Հ.Ավետյանը նշել է, որ ինքը կրակոցների ժամանակ եղել է համայնքում եւ Երեւան եկել միայն հրադադարի հաստատումից հետո, ինչի համար ունեցել է լուրջ պատճառ։ Ընդ որում՝ այդ մասին Գեղարքունիքի մարզպետը Գ. Սանոսյանը նախապես տեղյակ է եղել։

Հիշեցնեք, որ Գ.Սանոսյանն այսօր հայտարարել է, թե Ավետյանին երեկ հրավիրել էին Գեղարքունիքի ԱԱԾ, բայց պարզվել է, որ նա Երևանում է, ուստի հրավիրվել է մայրաքաղաքի ԱԱԾ վարչություն։

Արձագանքելով մարզպետի հայտարարությանը՝ Հ.Ավետյանը նշել է, որ Սանոսյանը իրավիճակը լրագրողներին ներկայացրել է ոչ ամբողջական:

«Գնել Սանոսյանը շատ լավ տեղյակ էր։ Իրեն ինչ ձեռնտու է, այդ մասն է ասում։ Կարող եմ շատ վստահ ասել՝ իմ՝ Երևանում գտնվելը շատ լուրջ պատճառ է ունեցել, որին ինքը շատ լավ տեղյակ էր։ Չեմ ուզում հիմա դրա մասին բարձրաձայնել։ Չեմ ուզում մանրամասնել, բայց ես Երևանում այդ ժամանակ պատահական չեմ գտնվել»,- նշել է Հ.Ավետյանը՝ նշելով, որ Գ.Սանոսյանն իրավունք չուներ այդպես ներկայացնելու։

«Ես կրակոցների ժամանակ բարձրանում եմ դիրքեր, կամ մոտակա հատվածներ եւ ինչով կարողանում, օգտակար լինում պաշտպանական հարցերին։ Ոչ մեկ չի կարող ասել, որ ես նման դեպքերում հեռու եմ գտնվում։ Որքան էլ հեռու լինեմ՝ լինի շաբաթ, կամ կիրակի, արագ գալիս եմ ու լինում այդ հատվածներում»,- ասել է համայնքապետը ու նշել, որ երեկ՝ առավոտյան ինքը եղել է նաեւ Սոթքի ուղղությամբ, որտեղ լարված էր իրավիճակը։

Հրադադարից հետո եկել է Երեւան՝ արագ վերադառնալու ակնկալիքով, բայց այստեղ արդեն հրավիրել են ԱԱԾ։

Հեռախոսազանգի պահին համայնքապետը համայնքում էր ու տեղեկացրել է, որ կրակոցներ չկան, իրավիճակը հանգիստ է։ Դրանք հնչել են առավոտյան՝ տարբեր բնակավայրերում։ Ադրբեջանական կողմը հիմնականում թիրախավորում է մոտակա բնակավայրերը։

«Վերջին դեպքերում նկատել ենք՝ շղթայական երկայնքով մեկ է լինում, սկսում են միաժամանակ։ Դա է ձեռագիրը։ Ինձ թվում է, իրենք ավելի շատ ուզում են խուճապային տրամադրություն ստեղծեն, մենք էլ աշխատում ենք, որ ժողովուրդը խուճապի չմատնվի, մինչև կառավարությունը կարողանա քայլեր կատարի»։

--00--ԱԹ