ՀՐԱՏԱՊ. Թշնամու հարձակումը կասեցվել է, հետ է շպրտվել ելման դիրքեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է։ 

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Սակայն, փոխհրաձգությունը շարունակվում է։

Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո

Մինչ այդ ՊՆ-ն հայտնել էր, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։
Նշենք, որ գիշերը,  03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 06։00-ի դրությամբ, ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ծավալված տեղային մարտերը շարունակվել են։

Հաղորդագրություն է տարածել նաև ԱԳՆ-ն, որում նշվում է՝ հատկանշական է, որ ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնավոր սրման այն պայմաններում, երբ շարունակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորամիավորումների ապօրինի ներկայությունը, երբ Ադրբեջանի ղեկավարությունն հիմնավորում է նմանօրինակ գործողությունները Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջների առաջադրմամբ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը։

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԿԿ