Ալիևը պաշտոնապես սկսել է Զանգեզուրի ծրագիրը. թշնամին նոր ճակատներ է բացում. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

«Հակամարտությունը վերջացած չէ։ Ըստ Ադրբեջանի՝ մի ուղղությունն է համեմատաբար լուծված, դա արցախյան ճակատն է։ Իրենք կարծում են, որ ամեն ինչ լուծված է, բայց սխալվում են չարաչար, հայ-ադրբեջանական այս հակամարտության մեջ արդեն նոր ճակատներ են բացվել, քանի որ թշնամին ստացել է այդ հնարավորությունը»,- անդրադառնալով ՀՀ սահմանին վերջին օրերին տիրող լարվածությանը՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, Ալիևը փաստորեն պաշտոնապես Զանգեզուր ծրագիրն է սկսել, երբ հայտարարեց Արևմտյան Զանգեզուրի մասին։ Դրան հետևեցին Երասխի դեպքերը, որոնք դեպի Երևան ուղղությունն են մատնանշում, կան նաև Գեղարքունիքն ու Տավուշը։

«Սկզբում նրանք Մեղրիի միջանցքի մասին էին խոսում, հետո հասկացան և օգտագործեցին Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, որովհետև, ըստ իրենց պատկերացումների, կա զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատ, և իրենց տեսանկյունից նկրտումները բնական են»,-նշել է Արցախի ԱԳ նախարարը:

Բանախոսն անդրադարձել է նաև ՀՀ-Արցախ հարաբերություններին՝ նշելով որ ՀՀ-ից կա որոշակի ներքին թշնամանք, որը մեզ լավ տեղ չի տանելու:

«Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի, եթե՝ ոչ ապա կամ հայաթափում է սպասվում, կամ նոր պատերազմ»,-շեշտել է Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԿԿ