Էրեբունու ոստիկանները «թմրաշղթա» են բացահայտել․ թմրամիջոց իրացնողը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները տեղեկություն ստացան, որ Էրեբունու փողոցի թիվ 31 շենքի բնակիչներից մեկը թմրամիջոց է ձեռք բերում և իրացնում։ Տեղեկությունը ստացվեց հունիսին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները նոր թափ առան. անհրաժեշտ էր փաստական տվյալներ ձեռք բերել։ Մեկ ամիս տևած հետևողական աշխատանքն արդյունք տվեց։

Հուլիսի 22-ին մայրաքաղաքի տարբեր թաղամասերում հայտնաբերվեցին ու Էրեբունու բաժին բերման ենթարկվեցին մի խումբ անձինք։ Նրանց անձնական խուզարկություններով հայտնաբերվեցին ու առգրավվեցին տարբեր քաշով հերոինի նմանվող զանգվածներ։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ «Մեթադոնի լուծույթ» գրառմամբ տարա կար՝  81 գրամից ավելի թափանցիկ հեղուկով։ Էրեբունու ոստիկանների տեղեկություններով՝ բերման ենթարկվածները թմրամիջոցի նմանվող զանգվածները գնել էին դեռևս հունիսին իրենց օպերատիվ տեսադաշտում հայտնված  Էրեբունու փողոցի թիվ 31 շենքի բնակչից։ Տեղեկությունները հաստատվեցին. 55-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին ու ձերբակալվեց։

Էրեբունի  և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկեցին նրա բնակարանը՝ հայտնաբերելով հերոինի նմանվող զանգվածներ, հոգեներգործուն դեղահաբեր ու 9 մմ տրամաչափի 8 փամփուշտ։ 55-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--00--ԿԿ