Հնդիկ շրջանավարտը որոշել է ճանապարհորդել Հայաստանով մեկ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 27, 24News 

հնդիկ

Ապագա սրտաթորասային վիրաբույժ Բիսմի Էլիզաբեթ Բիժուն միշտ է երազել բժիշկ դառնալու մասին: Նրա մասին իր ֆեյսբուքյան էջում պատմել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Հնդկուհին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտ է: Ծնվել և մեծացել է Դելիում:

23-ամյա Բիսմին մանուկ հասակում խաղում էր միայն բժշկական խաղերի հավաքածուներով և պատկերացնում իրեն վիրաբույժի կարգավիճակում:

«Տատիկիս մահվանից հետո ինձ համար շատ հստակ էր. պետք է դառնամ բժիշկ և մասնակից լինեմ կյանքեր փրկելու գործին», - պատմում է նա:

Փնտրելով բժշկական կրթություն ապահովող լավ բուհեր՝ նա առանձնացրեց Երևանի պետական բժշկական համալսարանը:

«Աստծո օգնությամբ հայտնվեցի Հայաստանում և այնքան հպարտ եմ, որ այս համալսարանի ուսանող եմ», - շեշտում է Բիսմին:

Հայաստանը, նրա խոսքով, ամուր արմատներով երկիր է՝ հարուստ մշակույթով:

«Պետք է ասեմ, որ հայերը լի են կյանքով և ուրախությամբ: Կյանքը Երևանում հրաշալի է. այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը», - խոստովանում է ապագա բժիշկը:

Բիսմին շնորհակալ է ԵՊԲՀ բոլոր դասախոսներին, որոնք աջակցում են յուրաքանչյուր ուսանողին:

«Դասախոսներիս շնորհիվ այսօր ես հասել եմ այն ամենին, ինչի մասին միշտ երազել եմ», - ավելացնում է նա:

Բիսմին հավասարապես սիրում է և՛ սրտաբանությունը, և՛ վիրաբուժությունը, ուստի ցանկանում է դառնալ սրտաթորասային վիրաբույժ:

«Այժմ՝ ավարտելուց հետո, ճանապարհորդելու եմ, լինելու եմ Հայաստանի յուրաքանչյուր անկյունում, քանի որ այստեղի բնությունն այնքան հրապուրիչ է, հոգին խաղաղեցնող», - վստահեցնում է նա:

Բժշկի աշխատանքում, Բիսմիի համոզմամբ, շատ կարևոր է կարեկցանքը, քանի որ կարող ես բուժել հիվանդներին, միայն երբ զգում ես նրանց:

«Հաջող կարիերա ունենալու համար անհրաժեշտ է նվիրված լինել բժշկական մասնագիտությանը: Երբեք պետք չէ մեծամտանալ. բժիշկը միշտ պետք է լինի համեստ և բարի: Ապագա բժիշկներին խորհուրդ եմ տալիս հավատալ սեփական ուժերին, լինել հետաքրքրասեր և լայնախոհ՝ ամեն օր նոր բան սովորելու համար», - եզրափակում է Բիսմի Էլիզաբեթ Բիժուն:

--00--ԱԹ